Ոչ թե 7 շրջանն է վերադարձվել, այլ Շուշին ու Հադրութն էլ, բոնուսով. Ռոբերտ Քոչարյան

Թուրքիան ՀՀ-ի առջև միշտ երեք նախապայման է դրել՝ Ադրբեջանի տարածքային ամբողջականություն՝ ներառյալ Ղարաբաղը, 7 շրջանի անվերապահ վերադարձը Ադրբեջանին և Ցեղասպանության ճանաչման հետ կապված «էնտուզիազմի» չդրսևորումը կամ այդ հարցի՝ պատմաբաններին փոխանցումը:

Լրագրողների հետ հանդիպմանը մանրամասնեց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը:

«Հիմա ավելացել  է ևս մեկը՝  Զանգեզուրով միջանցքի նախապայմանը»,- շեշտեց նա՝ հավելելով, որ միշտ հայտարարել են, որ պատրաստ են Թուրքիայի հետ հարաբերություններ կարգավորել առանց նախապայմանների:

«Իսկ մեր սահմանից խոսում էին, մենք ասում էինք՝ սահմանը մեր կողմից բաց է, այն փակ է մյուս կողմից: Հիմա ինչ է կատարվել այդ երեք նախապայմանների հետ: Սկսենք երկրորդից, ոչ թե 7 շրջանն է վերադարձվել, այլ  բոնուսով՝ Շուշին ու Հադրութն էլ: Ցեղասպանության հետ կապված, ՀՀ-ն այսօր այնքան թույլ է, որ մտածել, թե ՀՀ-ն կարող է որևէ հաջողության հասնել Ցեղասպանության ճանաչման գործում… միգուցե հեռավոր ապագայում: Այդ հարցը ՀՀ իշխանություններն ամբողջությամբ թողել են Հայ դատի գրասենյակների վրա»,- ասաց Քոչարյանը՝ հավելելով, որ նման հարցերի կարող են դիմել պետություններ, որոնք Թուրքիային պատժելու  որոշակի շահագրգռություն այս կամ այն պահին կարող են ունենալ:

«Այլ ռեսուրս չկա: Ըստ էության, երեք նախապայմաններից երկուսը իրենց համար բարեհաջող լուծված են»,- շարունակեց Քոչարյանը:

Ինչ վերաբերում է Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը ճանաչելուն, ՀՀ երկրորդ նախագահը հիշեցրեց, որ նախքան Բրյուսելի հանդիպումը ԱԺ-ում Նիկոլ Փաշինյանն ասել էր, որ 2016-ից այլևս նույնիսկ տեսական տարբերակ չկա Ղարաբաղի համար Ադրբեջանի կազմից դուրս:

«Սա ի՞նչ է նշանակում, սա նշանակում է, որ՝ այո, ՀՀ առաջին դեմքն ասում է, որ ինքը չի տեսնում որևէ տարբերակ, որևէ կարգավիճակ Ադրբեջանից դուրս: Այս վերջին մամուլի ասուլիսի ժամանակ դա վերահաստատեց: Հիմա երեք նախապայմաններն էլ կատարվել են, և երբ ասում են՝ մենք պատրաստ ենք Թուրքիայի հետ հարաբերություններ հաստատել առանց նախապայմանների, ավելի մեծ երեսպաշտություն դժվար է հորինել: Դուք բոլոր նախապայմանները կատարել եք, մի բան էլ ավելի, հիմա քննարկում եք միջանցքի հարցը»,- ընդգծեց  Քոչարյանը:

Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում

Տեսանյութեր

Լրահոս