Մենք կորցրել ենք վերահսկողությունը ոչ թե 40-45 քառակուսի կմ-ի, այլ տասնապատիկ ավելի մեծ տարածքների նկատմամբ. Քոչարյան
ՀՀ-ի համար անվտանգության ոլորտում կատարյալ ձախողում է, քանի որ ոչ մի հարց այս տարվա ընթացքում չի բարելավվել, ավելին՝ ունեցել ենք տարածքների կորուստ: Այսօր հրավիրված ասուլիսում իր ներածական խոսքում ասաց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը:
«Իշխանություններն ընդունում են, որ 40 քառակուսի կիլոմետրից ավելի տարածք գտնվում է հակառակորդի վերահսկողության տակ, բայց իրականում մենք չենք վերահսկում շատ ավելի մեծ տարածքներ: Դրա մասին չի խոսվում: Նայեք՝ այդ GPS-ով սահմանագծումը, ըստ էության, բերեց նրան, որ ադրբեջանական զորքերը դիրքավորվել են ենթադրյալ իրենց սահմանի բերանով, մենք ստիպված ենք եղել հետ քաշվել առնվազն 500 մետրից 1.5 կմ, որոշ տեղերում՝ մի քիչ ավելի շատ:
Նույնը կատարվել է ոչ միայն Վարդենիս-Արաքս այդ ամբողջ հատվածում, այլ նաև Նախիջևանի հատվածում՝ դեռ մինչև պատերազմը: Դուք հիշում եք, որ բավականին մեծ տարածության վրա ադրբեջանական զորքերն առաջ են անցել: Եվ այդ ամբողջ տարածքն իրենց դիրքերից մինչև մեր դիրքերը մեր կողմից չի վերահսկվում: Եվ, ըստ էության, մենք կորցրել ենք վերահսկողությունը ոչ միայն այդ 40-45 քառակուսի կմ-ի նկատմամբ, այլ տասնապատիկ ավելի մեծ տարածքների: Սա փաստ է»,- մանրամասնեց Ռոբերտ Քոչարյանը՝ հավելելով, որ այս տարվա ընթացքում կորցրել ենք կարևորագույն ճանապարհների օգտագործման հնարավորությունը:
ՀՀ երկրորդ նախագահը նշեց, որ այս տարվա ընթացքում ունեցել ենք մոտ 36 զոհ, այս թիվը կարող է տատանվել կամ այլ լինել՝ ըստ տարբեր աղբյուրների, ունեցել ենք մոտ 30 վիրավոր և ավելի քան 30 նոր ռազմագերի:
«Տարվա ընթացքում ոչինչ չի արվել բանակի մարտունակությունը բարձրացնելու համար: Սա ևս փաստ է: 2-3 դիրքերի համար մարտական գործողությունների ժամանակ ունենալ 30-ից ավելի գերի, խոսում է բանակում լրջագույն պրոբլեմների մասին: Սա կարելի է ինչ-որ բաներով բացատրել և հիմնական բացատրությունը կարող է լինել հետևյալը, որ մեր զինվորները եղել են երկրի առաջին դեմքի արտահայտության տպավորության տակ՝ «մեկ սարի համար մենք հո չե՞նք պատերազմելու»:
Մեր երկիրը սարերից է բաղկացած, դա նույնն է, որ արաբներն ասեն՝ անապատի համար հո չե՞նք պայքարելու: Սա նաև ինչ-որ տեղ հրավեր է, «էստի համեցեք» է ադրբեջանցիների համար: Դու ուղղակի ասում ես, որ չբնակեցված սարերի համար մենք պատրաստ չենք պատերազմել: Եթե առաջին դեմքն այդպես է մտածում, ինչո՞ւ ենք մտածում, որ մեր զինված ուժերի մայորը կամ պայմանագրայինն այլ կերպ պետք է մտածի: Սա ուղղակի բանակի մարտունակությունը գցելու լավագույն միջոցներից մեկն է»,- նշեց երկրորդ նախագահը:
Ռ. Քոչարյանի խոսքով, ոչինչ կամ գրեթե ոչինչ չի արվել նաև անցած տարվա ընթացքում բանակի սպառազինության վերականգնման ուղղությամբ:
Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում