Հայաստանում նկատվում է սուր շնչառական վարակների բարձր ակտիվություն
Հայաստանում 2021 թվականին նկատվում է սուր շնչառական վարակների բարձր ակտիվություն: Այս մասին լրագրողների հետ հանդիպմանն ասաց ՀՎԿԱԿ-ի վարակիչ և ոչ վարակիչ հիվանդությունների համաճարակաբանության վարչության պետ Ռոմելլա Աբովյանը:
2020-ին, սակայն բոլոր վարակիչ հիվանդությունների առումով Հայաստանում կտրուկ նվազում է եղել, այդ թվում՝ սուր շնչառական վարակների մասով:
«Բայց այս տարի իրավիճակը բավականին բարդ է: Դա ենթադրում է, որ պետք է ավելի ակտիվ աշխատենք տանենք բնակչության հետ, որպեսզի պատվաստվեն գրիպի դեմ»,-ասաց Աբովյանը:
Մասնագետը նշեց, որ դպրոցական ու նախադպրոցական կազմակերպություններում ամենօրյա բացակայությունների մոնիթորինգ է իրականացնում.
«Երեկվա դրությամբ հիմնականում բացակայությունները պայմանավորված են սուր շնչառական վարակներով, կորոնավիրուսի դեպքեր դպրոցներում չկան»:
Աբովյանի խոսքով՝ մանկական հոսպիտալները ծանրաբեռնված են հիվանդ երեխաներով: Լինում են նաև դեպքեր, երբ պացիենտի մոտ հաստատվում է և գրիպ, և կորոնավիրուս:
2020-2021 թվականների սեզոնի ընթացքում Հայաստանում արձանագրվել է 76 գրիպի դեպք: Այս տարի շրջանառվում է գրիպի A տեսակը: