Բաժիններ՝

Ո՞վ էր Սուրբ Դավիթ Մարգարեն

Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցին տոնում է Սուրբ Դավիթ մարգարեի և Հակոբոս Տյառնեղբայր առաքյալի հիշատակության օրը։ Այս տոնով սկսվում է «Ավագ տոների» շարքը։ Հետաքրքրական է այն փաստը, որ Դավիթ մարգարեի հիշատակը նշվում է «Տեառնեղբայր» կոչված Հակոբոս առաքյալի հետ: Սա բացառիկ և իմաստալից երևույթ է՝ ըստ մարմնի Քրիստոսի «նախահայրը» և ըստ մարմնի Նրա «եղբայրը», այսինքն ազգականը, միասին տոնախմբվում են՝ խորհրդանշելու համար Հին և Նոր Ուխտի միաձուլումը:

Ո՞վ էր Սուրբ Դավիթ Մարգարեն

Սուրբ Դավիթ մարգարեն Բոոսի և Հռութի ծոռն էր: Աստվածաշունչ մատյանը նկարագրում է նրան որպես սաղմոս ասող, շնորհալի, պատերազմիկ, իմաստուն, ճարտասան և գեղեցիկ տեսքով մի մարդ: Նա հովիվ է եղել: Փղշտացիների հարձակման ժամանակ հաղթել է հսկա Գողիաթին: Սավուղի մահից հետո դարձել է Իսրայելի թագավորը և հիմնադրել Երուսաղեմ քաղաքը: Դավիթ մարգարեն Հին Կտակարանի ամենամեծ և ազդու դեմքերից է և միևնույն ժամանակ Սաղմոսաց գրքի հեղինակը: Աշխարհի Փրկիչ Հիսուս Քրիստոս նրա սերնդից է:

Քրիստոս քիչ անգամներ է կոչվել «Հովսեփի Որդի», սակայն, սակայն բազմիցս կոչվել է «Դավթի Որդի»՝ սկսած այն պահից, երբ ավետաբեր հրեշտակը ասաց Մարիամին. «Ահա պիտի հղանաս և մի որդի պիտի ծնես… Եվ Տեր Աստվածը Նրան պիտի տա իր Հոր՝ Դավթի աթոռը, և պիտի թագավորի Հակոբի տան վրա և Նրա թագավորությունը վախճան չպիտի ունենա» (Ղուկ. 1:32):

Դավիթ թագավորը արդարացիորեն օժտվել է «Աստծո սրտի այր» տիտղոսով: Դավիթն իր մեծության մեջ էլ խոնարհ է, և այս ոգին այնքան գեղեցիկ կերպով արտահայտվել է իր աղոթքներից մեկի մեջ, որ սկսում է հետևյալ բառերով. «Ո՞վ եմ ես, Տե՛ր իմ, Տե՛ր, և ո՞վ է իմ տունը, որ այսքան բարձրացրիր այն» (Բ Թագ. 7:18-29):

Ո՞վ է Հակոբոս Տյառնեղբայրը

Սուրբ Հակոբոս Տյառնեղբայրը կապող օղակն է ավետարանական սրբերի և Գործք Առաքելոցում հիշված սրբերի միջև: Նա նախնական Եկեղեցու տիրական դեմքերից է և Երուսաղեմի առաջին եպիսկոպոսը: Հովսեփիոս հրեա պատմիչը նրան բնորոշում է «արդար» մակդիրով:

Թեև Հակոբոսը հիշատակվում է Ավետարաններում, բայց ոչ որպես քրիստոնյա գործիչ, այլ նախ որպես Քրիստոսի «եղբայրներից» մեկը:

Ավանդության համաձայն՝ մարդիկ բռնանալով` նրան պատվիրում են բարձրանալ աշտարակի վրա և Հիսուսի դեմ չարախոսել: Սակայն նա խոսում է Հիսուս Մեսիայի մասին, որ նստած է Աստծո Աջում եւ գալու է դատելու աշխարհն արդարությամբ: Շատերն հավատի են գալիս, բայց չարակամները սրբին աշտարակից վայր են նետում: Ավանդությունն ասում է, որ նա թաղված է Երուսաղեմի Հայոց Պատրիարքության Ս. Հակոբյանց Մայր Տաճարում:

Սուրբ Հակոբոս Տյառնեղբոր անունով մեզ է հասել ընդհանրական մեկ թուղթ, որ տեղ է գտել Նոր Կտակարանում։ Այնտեղ կարդում ենք․ «Եթե մեկը կարծում է, թե ինքը կրոնասեր է, բայց իր լեզուն չի սանձում, ինքն իրեն խաբում է, այդ մարդու հավատը ունայն է: Այն կրոնը, որը սուրբ ու անարատ է Աստծո և մեր Հոր առջև, հետևյալն է՝ այցելող լինել որբերին և այրիներին իրենց նեղության մեջ, և անարատ պահել սեփական անձը աշխարհից» (1:26-27): Բարի գործերը հակադրում է հավատքի սոսկ խոստովանությանը. «Ինչպես որ մարմինը առանց հոգու մեռած է, այդպես էլ հավատը առանց գործերի մեռած է» (2:26):

qahana.am

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս