
Մակրոնն ու Բայդենը շնորհավորել են «Ջեյմս Ուեբբ» աստղադիտակի հաջող գործարկման կապակցությամբ

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը «Ջեյմս Ուեբբ» աստղադիտակի տիեզերք հաջող արձակման կապակցությամբ շնորհավորել է բոլոր մասնակից թիմերին, հատկապես ֆրանսիացիներին և եվրոպացիներին, տեղեկացնում է «ՌԻԱ Նովոստի»-ն:
Ավելի վաղ ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը շնորհավորել էր տիեզերք հաջողությամբ արձակված «Ջեյմս Ուեբբ» աստղադիտակն ստեղծողներին:
NASA-ն դեկտեմբերի 25-ին հայտարարել է, որ Ariane 5 հրթիռակիրը Ֆրանսիական Գվիանայի Կուրու տիեզերակայանից մեկնարկել է շաբաթ օրը՝ «Ջեյմս Ուեբ» նորագույն տիեզերական աստղադիտակով: Սա առավել հզոր ինֆրակարմիր տիեզերական աստղադիտակ է, որը պետք է փոխարինի հայտնի «Հաբլ» աստղադիտակը։ Մոտ 10 մլրդ դոլար արժողությամբ տիեզերական աստղադիտարանը ստեղծվել է ավելի քան մեկ տասնյակ երկրների մասնակցությամբ ավելի քան երկու տասնամյակի ընթացքում և, NASA-ի հայտարարության համաձայն, ամենաբարդ առաքելություններից մեկն է, որը երբևէ իրականացրել է գործակալությունը: