Բաժիններ՝

Աբգար թագավորը մինչև այսօր էլ քրիստոնյաններիս համար իրական օրինակ է

Ըստ քրիստոնեական ավանդության՝ Եդեսիայի Աբգար թագավորը առաջին հայ արքան է, ով, Քրիստոսի կենդանության օրոք լսելով Նրա հրաշագործությունների մասին, հավատացել է, որ Նա Աստծո Որդին է: Հենց նրա օրոք է ծնվում աշխարհի Փրկիչ Հիսուս Քրիստոս: Եվ երբ Աբգարը հիվանդանում է, լսած լինելով Հիսուսի հրաշքների և սքանչելագործությունների մասին և հավատալով Հիսուսին, նրա մոտ ուղարկեց Անանիայն՝ իր նախարարին։

Երբ Անանյան Քրիստոսին փոխանցեց Աբգար թագավորի ընծաները և խնդրեց Նրան, որ իրենց հետ գա Եդեսիա Աբգար թագավորի մոտ և բժշկի նրան, Քրիստոս Իր օրհնությունը փոխանցեց թագավորին, և քանի որ Իր առաքելությունը Երուսաղեմում փառավորվելն էր, ուստի չգնաց, սակայն փոխարենը խոստացավ, որ իր աշակերտներից մեկին կուղարկի թագավորի մոտ՝ բժշկելու և Ավետարանը քարոզելու նպատակով: Այս ողջ ընթացքում սուրհանդակն, ով հմուտ նկարիչ էր, կարողացավ պատկերել Քրիստոսին: Հիսուս, երբ տեսավ նկարը, օրհնեց այն, որն էլ բերեցին Աբգար թագավորին: Ասել է թե՝ Աբգարը տեսավ Քրիստոսին:Երբ Հիսուսի պատկերը բերվեց Եդեսիա հայոց Աբգար թագավորը խնամքով պահեց այն: Հետագայում այս պատկերը, ոչ միայն պաշտպանել է իր ժողովրդին, այլ դարձել բազմաթիվ հաղթանակների առաջնորդող սուրբ խորհրդանիշ:

Հետագայում Քրիստոսի աշակերտներից Սուրբ Թադեոսը եկավ Եդեսիա, բժշկեց Աբգարին և քաղաքի բոլոր հիվանդներին ու ազատորեն քարոզեց Ավետարանը: Այդ ամենից հետո, ողջ քաղաքը հավատաց Քրիստոսին, դարձի եկավ, հրաժարվեց կռապաշտությունից և մկրտվեց: Բոլորը տեսնում էին, թե ինչպես են ամեն օր ավելի կապվում Աստծո հետ ու այսպես հավատացյալների թիվը օրըստօրե աճում էր: Սուրբ Թադեոս առաքյալը Եդեսիայում իր քարոզությունը ավարտելուց հետո քաղաքի եպիսկոպոս ձեռնադրեց կերպասագործ Ադդեին, ապա ուղևորվեց Հայաստան՝ քարոզելու հայոց Սանատրուկ արքային:

Այս ամենից հետո Աբգար թագավորը նամակներ է գրում Տիբերիոս կայսրին, Ասորեստանի Ներսեհ թագավորին՝ հորդորելով նրանց ևս ընդունել Հիսուս Քրիստոսին՝ որպես Աստվածորդու և Փրկչի:

Այսպես Աբգարի հավատը առիթ դարձավ, որ Եդեսիայում, իսկ հետո նաև ողջ Հայոց աշխարհում տարածվի քրիստոնեության լույսը:

Աբգար թագավորը մինչև այսօր էլ քրիստոնյաններիս համար իրական օրինակ է։ Հենց նրա օրինակով փորձենք զորացնել մեր հավատը, չվախենաք փորձություններից, այլ ամեն տեղ փնտրենք այն լույսը, որ Քրիստոս է բերում։

Մեզանից յուրաքանչյուրը պետք է Աբգար թագավորի օրինակով իր շրջապատում դառնա այն մարդը, ով կօգնի մնացածներին զորեղանալ հավատի մեջ, ունենալ մեծ կամք ու առաջնորդություն շատերին իր հետևից տանելու համար։

qahana.am

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս