«Ոչ ոք իր երեխային փողոց չի թողնում, անգամ մեծերը երեկոյան ժամերին տնից դուրս չեն գալիս». Տաթևիկ Թոխյան
«Սահմանային բնակիչների համար առաջնայինն անվտանգությունն է, և սոցիալական բոլոր խնդիրները խորանում և ստեղծվում են հենց նույն այդ խնդրից: Եթե անձը չի կարողանում գնալ ու իր առողջապահական խնդիրներով զբաղվել, սոցիալական կարիքները հոգալ, չի կարողանում ապահովել երեխաների կրթության իրավունքը, դրանց աղբյուրն անվտանգային խնդիրներն են: Օրինակ, եթե ընտանիքի հայրն աշխատում է իր բնակավայրից հեռու, ասենք՝ Կապանում կամ Գորիսում, բացի այն, որ ստիպված է որոշակի ժամանակահատվածով լքել իր տունն ու ընտանիքը, միաժամանակ շատ խորը մտավախություն ունի այն առնչությամբ, որ ամեն րոպե իր ընտանիքը կարող է վտանգի մեջ լինել, ու ինքը չի կարողանա ժամանակին հասնել: Ո՞վ պիտի պաշտպանի իր ընտանիքը: Այսինքն՝ նաև հոգեբանորեն ծանր է մարդկանց համար»,- 168.am-ի «Ռեվյու» հաղորդաշարի հերթական թողարկման ընթացքում ասաց Մարդու իրավունքների պաշտպանի (ՄԻՊ) աշխատակազմի սոցիալ-տնտեսական և մշակութային իրավունքների պաշտպանության վարչության պետ Տաթևիկ Թոխյանը:
Վերջինս ցավով նշեց, որ, մասնավորապես, Սյունիքում ճանապարհների խնդրի պատճառով երիտասարդները գյուղերից սկսել են տեղափոխվել, լքել իրենց բնակավայրերը:
«Ոչ ոք իր երեխային փողոց չի թողնում, անգամ մեծերը երեկոյան ժամերին տնից դուրս չեն գալիս: Ավելին, իրենք իրենց հողամասերում չեն կարողանում աշխատել, որովհետև ադրբեջանցիների դիտարկման տակ են: Բացի նրանից, որ շատ խոտհարքներ անցել են ադրբեջանցիների վերահսկողության տակ, մնացածն էլ դիտարկման տակ են: Երեխաների՝ երազանք ունենալու իրավունքն է բացառված: Ապագայի նկատմամբ մարդկանց պայմանականորեն կանխատեսումն էլ չկա»,- ասաց Տաթևիկ Թոխյանը:
Մանրամասները՝ տեսանյութում