Շուրջ 50 միլիարդ դրամ կառավարությունը հատկացրել է քաղաքապետարանին. Փաշինյան
Երևանի քաղաքապետարանում այսօր` դեկտեմբերի 25-ին, Երևան քաղաքի ավագանու նիստի ընթացքում տեղի ունեցավ Երևանի նորընտիր քաղաքապետի երդմնակալության արարողությունը:
Արարողությանը ներկա են ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը, ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը, Պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը և այլ բարձրաստիճան պաշտոնյաներ:
Նիկոլ Փաշինյանը հանդես եկավ ելույթով։ Նա շնորհավորեց նորընտիր քաղաքապետին՝ ասելով․ «Ես ինքս ժամանակին եղել եմ Երևանի քաղաքապետի թեկնածու և ամբողջությամբ եմ պատկերացնում, թե ինչպիսի բարձր պատիվ է` լինել մայրաքաղաք համայնքի ղեկավար։
Ուզում եմ հաջողություն մաղթել քաղաքապետին և Երևանի ավագանուն` այս կարևոր շրջանում նախանշված ծրագրերն իրագործելու համար։ Ուզում եմ շնորհավորել նաև Երևանի ավագանուն, որովհետև իմ համոզմունքն այն է, որ մեր օրակարգի կարևորագույն խնդիրներից մեկը պետական ինստիտուտների կայացումն է և վերջին օրերին տեղի ունեցած իրադարձություններով՝ Երևանի ավագանին հստակ քաղաքական կամք ցուցադրեց Հայաստանի Հանրապետությունում տեղական ինքնակառավարման նոր մոդելի կայացման ճանապարհին:
Ի վերջո, եկեք արձանագրենք, որ այսօր ՀՀ 4000 և ավելի բնակչություն ունեցող բոլոր համայնքներում տեղի են ունենում համամասնական ընտրություններ, ինչը ենթադրում է քաղաքի, համայնքի կառավարման նոր մոդել, որը ըստ էության, համապատասխան է նաև երկրի կառավարման մոդելին և մենք պետք է արձանագրենք, որ այս նոր մոդելը այո, իր արդյունավետությունը ցոցադրել է նաև Երևանի, Գյումրիի, Վանաձորի կառավարման առումով:
Ուզում եմ արձանագրել, որ այն ծրագիրը, որը 2018–ից իրագործվում է Երևանում՝ «Իմ քայլը» դաշինքի նախընտրական ծրագիրն է, որը մեծ մասամբ բխում է «Ելք» դաշինքի նախընտրական ծրագրից:
Դեռևս 2018 թվականին, երբ Երևանի ավագանու ընտրություններ էին տեղի ունենում հեղափոխությունից անմիջապես հետո, մեր կարևորագույն տեսլականն ու արձանագրումը եղել է այն, որ ընտրություններից հետո պետք է իրականացվի այն նախընտրական ծրագիրն ու ծրագրի հիմնադրույթները, որոնք դեռ 2017 թվականին «Ելք» դաշինքը դրել է Երևանի ընտրողների առաջ և ավելի քան 20 տոկոս ձայն է ստացել»:
Նրա խոսքով՝ կառավարությունն այս ընթացքում էական և շոշափելի աջակցություն է ցույց տվել Երևանի քաղաքապետարանին:
«2018 թվականից ի վեր շուրջ 50 միլիարդ դրամի հատկացումներ է արել կառավարությունը Երևանի քաղաքապետարանին: Ոչ այն պատճառով, որ ավագանիում մեր քաղաքական թիմն ունեցել է մեծամասնություն, այլ մենք կարևոր ենք համարել ինստիտուցիոնալ կայացումը: Կարծում եմ՝ պետք է ուշադրություն դարձնենք այն իրողությանը, որ վերջերս կայացած ՏԻՄ-երի ընտրություններում այնտեղ, որտեղ գործող քաղաքապետերը մասնակցել են ընտրություններին՝ մեծ մասում հաղթել են:
Եվ սա ամենևին պատահական չէ: Դեռևս մի քանի տարիքաղաքական վերլուծաբանները և տեսաբանները ասում էին, որ կառավարությունն ինքը իր դեմ է գործում կամ քաղաքական մեծամասնությունը. Ի՞նչ նկատի ունեին: Մենք 2018թ. ի վեր Երևանն էլ եթե ներառենք, շուրջ 350 միլիոն դոլարի հատկացում է արվել ՏԻՄ-երին: Ստեղծել ենք համակարգ, որը պարտադրաբար համայնքների ղեկավարներին դնում է քաղաքացուն, ընտրողին հանդիման: ՀՀ յուրաքանչյուր քաղաքացի գիտի, որ ընտրությունների արդյունքները ՀՀ-ում չեն կեղծվում: Սուբվենցիոն համակարգերի ներդմամբ հստակ ուղերձ ենք հղել ՏԻՄ-երի զարգացմանը նպաստող մի ծրագիր, որը կմերժվի կառավարության կողմից»: