Լինելու են կադրային փոփոխություններ. Հրաչյա Սարգսյան
«Ես ունեմ տեսլական, որը տեղավորվում է «Իմ քայլը» դաշինքի նախընտրական ծրագրում, որը պետք է առաջ տանենք»,- լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ ասաց Երևանի նորընտիր քաղաքապետ Հրաչյա Սարգսյանը:
Հարցին՝ իր կարծիքով՝ նախկին քաղաքապետ Հայկ Մարությանը դրե՞լ է այդ հիմքերը, որ կարողանա շարունակել, նա պատասխանեց.
«Ես կարող եմ ասել, որ երբ պաշտոնավարում էինք, Երևանի քաղաքապետարանում շատ քիչ ստորաբաժանումներ կային, որոնց կարող եմ ասել պայմանականորեն՝ ինստիտուցիոնալ աշխատում էին՝ ի նպաստ Երևանի: Այս պահի դրությամբ կարող եմ ասել, որ 1-2 քայլ արդեն արվել է, քան նախկինում: Սա թիմային աշխատանք է, բոլորն ունեն իրենց մասնակցությունը՝ բոլոր ծրագրերում, իրենց պատասխանատվությունների շրջանակներում: Այո, մենք բարեփոխումներ իրականացրել ենք, և հիմա պատրաստակամություն ունեմ, որ էլ ավելի արագ տեմպերով բարեփոխումները պետք է իրականացվեն: Սկսել ենք տրանսպորտի բարեփոխումները, դա ինձ համար կարևոր է, քանի որ անձամբ եմ ղեկավարել տրանսպորտի բարեփոխման ծրագիրը: Դա միայն ավտոբուսների ձեռքբերում չէ: Երթևեկության ճիշտ կազմակերպում է, նոր ավտոպարկերի կառուցում է: Մենք արդեն ունենք նախագծեր, որոնց հիմնարկեքը, կարծում եմ՝ 2022 թվականին կտանք: Նոր ճանապարհներ պետք է կառուցվեն:
Այսինքն, համալիր մոտեցում պետք է ցույց տանք, որ տրանսպորտի համակարգի խնդիրը լուծենք: Իհարկե, նաև տրանսպորտի վերահսկողությունը: Եթե մենք պայմանական ասում ենք, որ պետք է 850 ավտոբուս՝ նոր երթուղային ցանց սպասարկելու համար, այդ ավտոբուսների համար պետք է կառավարում իրականացնենք, իսկ կառավարումը նորարարական տեխնոլոգիաների օգտագործմամբ հնարավոր չէ: Դա է պատճառը, որ կունենանք նախագծեր, կառավարման կենտրոն: 12 մետրանոց 100 ավտոբուսներ ենք ձեռք բերելու հաջորդ տարի, մրցույթն ընթացքի մեջ է: Բոլորը կահավորված են տեսախցիկներով»:
Հրաչյա Սարգսյանը նշեց, որ լինելու են կադրային փոփոխություններ, սակայն հրաժարվեց նշել, թե ո՞ր վարչական շրջաններում կլինեն փոփոխություններ:
«Օրինակ, կարող եմ ասել, որ շատ գոհ եմ Շենգավիթ վարչական շրջանի ղեկավարից: Արդյունավետ կառավարում է իրականացնում»,- ասաց քաղաքապետը:
Հրաչյա Սարգսյանը նշեց նաև, որ ինքն անկուսակցական է:
Հարցին՝ որպես քաղաքապետի առաջին տեղակալ ո՞ւմ է առաջարկելու, Հրաչյա Սարգսյանը պատասխանեց. «Լևոն Հովհաննիսյանին՝ «Իմ քայլը» խմբակցության քարտուղարին: Ֆինանսական համակարգում բավականին մեծ փորձ ունի»:
Նա հայտնեց նաև, որ Հայկ Մարությանը, ով շարունակում է մնալ ավագանու անդամ, որքան տեղյակ է՝ դիմում է ներկայացրել, որ իր լիազորությունները դադարեցվեն:
Նորընտիր քաղաքապետն ասաց, որ իր եկամտի աղբյուրը միայն աշխատավարձն է: Պարգևավճարներ, աշխատավարձի բարձրացումից հետո, քաղաքապետարանում չեն ստացել:
«Կարծում եմ, անվտանգության աշխատակիցների կարիք չունեմ, իմ առօրյան ինչպես եղել է, այդպես էլ շարունակում եմ»,- հավելեց Հրաչյա Սարգսյանը:
Ինչ վերաբերում է ապօրինություններին՝ նա ասաց, որ վերլուծություն կանեն, կհասկանան՝ եղե՞լ է, թե՞ոչ: