Ի՞նչ նպատակ էր հետապնդում ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի տարեվերջյան այցը

Տարածաշրջանային և հայ-թուրքական վերսկսվող, այսպես կոչված, երկխոսության ֆոնին այս օրերին անտեսվեց ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասի այցը Հայաստան:

Այցին ընդառաջ՝ ՀԱՊԿ քարտուղարությունից տեղեկացրել էին, որ նախատեսվում է հանդիպում ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի նախագահ Նիկոլ Փաշինյանի հետ: «ՀԱՊԿ գլխավոր քարտուղարը նրա հաստատմանը կներկայացնի ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի 2021 թվականի սեպտեմբերի նստաշրջանի որոշումների և Հայաստանի Հանրապետության նախագահության շրջանում ՀԱՊԿ գործունեության գերակա ուղղությունների կատարման միջոցառումների ծրագրի իրականացման նախագծերը»,- ասվում էր հաղորդագրության մեջ:

Բացի հաղորդագրությունից, ՀԱՊԿ գլխավոր քարտուղարը հարցազրույց էր տվել հայաստանյան լրատվամիջոցներից մեկին ՀԱՊԿ գործունեության, հայ-ադրբեջանական սահմանին ստեղծված իրավիճակի և ՀԱՊԿ ճգնաժամային մեխանիզմների արդիականացման թեմայով: Զասը Երևանում հանդիպել է Նիկոլ Փաշինյանին, ՀՀ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանին, ՀՀ Պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանին և ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանին: Հանդիպումների ընթացքում քննարկվել են ՀԱՊԿ պատասխանատվության գոտում առկա իրավիճակը, խնդիրներն ու մարտահրավերների հաղթահարմանն ուղղված քայլերը, ինչպես նաև կազմակերպության կողմից 2022 թվականին նախատեսվող ծրագրերն ու միջոցառումները:

ՀՀ ԱԳՆ հաղորդագրության համաձայն, Զասի հետ հանդիպմանն Արարատ Միրզոյանը կարևորել է «ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի սեպտեմբերյան (2021թ.) նստաշրջանի որոշումների կյանքի կոչման և ՀՀ նախագահության ժամանակահատվածում ՀԱՊԿ գործունեության առաջնահերթ ուղղությունների իրականացման ծրագրի» նախագծի ամփոփումը։ Ստանիսլավ Զասը մանրամասն ներկայացրել է նշյալ ծրագրի դրույթները և վստահեցրել, որ դրանց ժամանակին իրագործման նպատակով ՀԱՊԿ քարտուղարության և միացյալ շտաբի կողմից կներդրվեն անհրաժեշտ բոլոր ջանքերը։ Հանդիպմանը Միրզոյանը նաև ներկայացրել է ՀՀ արևելյան սահմանային գոտում իրավիճակը և ընդգծել կայունության և անվտանգության մակարդակի բարձրացմանն ուղղված գործնական քայլերի անհրաժեշտությունը՝ համաձայն 2021թ. նոյեմբերի 26-ի եռակողմ հայտարարության: Պաշտոնական հաղորդագրության համաձայն, նշյալ, ինչպես նաև տարածաշրջանային արդի զարգացումների համատեքստում ևս մեկ անգամ կարևորվել է հավաքական հիմունքներով անվտանգության և կայունության ապահովմանն ուղղված՝ անդամ պետությունների դաշնակցային փոխգործակցությունը:

«168 Ժամ»-ի հետ զրույցում ռուս ռազմական վերլուծաբան Ալեքսանդր Խրամչիխինը նշեց, որ Զասի այցը Հայաստան պլանային բնույթ էր կրում, քանի որ Հայաստանը ՀԱՊԿ նախագահող երկիր է, որի հետ պետք է ամփոփվի տարին, մյուս տարվա առաջնահերթությունները հստակեցվեն և գործունեության ծրագիրը հաստատվի: Ըստ նրա՝ հենց այդ հարցերը քննարկվեցին բոլոր հանդիպումների ժամանակ:

«Սակայն անտեսել այն իրավիճակը, որի պայմաններում շարունակում է իր գործունեությունը ՀԱՊԿ-ը, բարդ է: ՀԱՊԿ-ն իր արդյունավետությամբ երբեք աչքի չի ընկել, և հայ-ադրբեջանական սահմանին ստեղծված իրավիճակն ու դրանում ՀԱՊԿ-ի հնարավոր դերակատարությունը շատ քննարկվեց, շահարկվեց և է՛լ ավելի մեծ հարված հասցրեց ՀԱՊԿ-ի իմիջին՝ որպես կառույց: Ուստի կառույցում հասկանում են, որ իսկապես կարիք կա հստակեցնել այն բոլոր մեխանիզմները, որոնք ՀԱՊԿ-ի իրավասությունները կհստակեցնեն նման արտասովոր իրավիճակների համար: ՀԱՊԿ-ն ունի ճգնաժամային արձագանքման մեխանիզմներ, սակայն հայ-ադրբեջանական սահմանային խնդիրը լուծելու պատասխանատվությունը ստանձնեց Ռուսաստանը, թեև հայկական կողմը շարունակում է բարձրացնել ՀԱՊԿ արդյունավետության խնդիրը՝ շեշտելով, որ կառույցն ունի խնդիրներ: Անկախ դրանից, այս փուլում ՀԱՊԿ-ը շարունակում է աշխատել, փորձելով հնարավորինս ամրապնդել իր դիրքերը, հասկանալի դարձնել իր դիրքորոշումները, և Զասի այցը ՀՀ պետք է դիտարկել այս տիրույթում»,- ասաց Խրամչիխինը:

Նրա խոսքով, ՀԱՊԿ-ը գլոբալ մարտահրավերներին դիմակայելու համար պետք է վերանայի իր աշխատաոճը: «Այդ մարտահրավերներից մեկը ՌԴ-ՆԱՏՕ սրացումն է, Դոնբասում զարգացող իրավիճակը, հռետորաբանության սրացումը Ռուսաստանի և Արևմուտքի միջև, փոխադարձ սպառնալիքները: Սա ևս իրողություն է, որը ստիպում է ՀԱՊԿ քարտուղարությանն ավելի կուռ աշխատել, համախմբել բոլոր դաշնակիցներին, նրանց, որոնք խնդիրներ են բարձրացնում: Ընդհանուր առմամբ Ռուսաստանի համար բարդ պատկեր է ձևավորվել»,- ասաց Խրամչիխինը:

Իսկ ռուս ռազմագետ Վլադիմիր Եվսեևը մեզ հետ զրույցում ասաց, որ, բացի վերոնշյալ խնդիրներից՝ մարտահրավերներն ընդհանուր առմամբ ՀԱՊԿ պատասխանատվության բոլոր գոտիներում են՝ հետսովետական տարածաշրջանում՝ Միջին Ասիայից Հարավային Կովկաս և այլուր: Ըստ նրա՝ ՀԱՊԿ-ի առջև խնդիր է դրված պահպանել ՀԱՊԿ-ի շուրջ կայունությունը, աշխատելով ՀՀ նախագահության հետ, քանի որ ամեն պահի կարող են խնդիրներ ի հայտ գալ:

«Հայաստանը դիմել էր ՀԱՊԿ-ին հայ-ադրբեջանական սահմանին տիրող իրավիճակի շուրջ քայլերի համար, կարծում եմ՝ Սոչիի եռակողմ հանդիպումից հետո, երբ այդ հարցը հստակեցված է, երբ պետք է սկսվի դեմարկացիա-դելիմիտացիայի գործընթաց, շատ խնդիրներ Հայաստանի ու ՀԱՊԿ-ի միջև պարզ են, ու այս այցի ընթացքում այդ հարցերը քննարկվել են: Ըստ էության, ստեղծվել էր ճգնաժամային իրավիճակ, որը հարթվել է:

Պաշտոնական հաղորդագրություններում ևս նշված է հարցերի շրջանակը, որը քննարկվել է Երևանում, հիմնականում ընթացիկ հարցեր, որոնք ևս իրենց տեղն ունեն: Թե ինչպիսին է ՀԱՊԿ-ի դերը, բոլորը գիտեն, սակայն չեն խուսափել նաև ՀԱՊԿ-ին հրապարակային վնաս հասցնելուց, քննադատելուց այն դեպքում, երբ բոլոր երկրների համար ՀԱՊԿ-ի փոխարեն՝ Ռուսաստանը գործում է առանձին՝ հաշվի առնելով, որ ՀԱՊԿ երկրները բազմաթիվ հարցերում չեն կարողանում լինել միակամ, մեկ դիրքորոշում հայտնել: Դա այդպես է նաև հայ-ադրբեջանական սահմանին տիրող իրավիճակի, ինչպես նաև նախկինում Ղարաբաղյան հակամարտության այս կամ այն դրվագի դեպքում: Չնայած ՀԱՊԿ-ի գլխին թափված քննադատությունների տարափին, ՀԱՊԿ-ն իրականացնում է իր այն գործառույթները, որոնք կարողանում է, մի շարք ուղղություններով նույնիսկ արդյունավետ աշխատում է, բայց ՀԱՊԿ-ը բարդ կառույց է եղել միշտ ու կլինի»,- ասաց Եվսեևը:

Տեսանյութեր

Լրահոս