Բաժիններ՝

Աստծուն տեսնելու համար հավատ է հարկավոր

Ում կամ ինչին հավատալ, մենք ինքներս ենք որոշում, Աստված մեզ երբեք չի պարտադրում հավատալ իրեն։ Նրան ընտրելը մեր յուրաքանչյուրիս պարտքն է։ Ես իմ որոշումը շատ վաղուց եմ կայացրել, երբ գուցե հավատքի մասին շատ բան չէի հասկանում, բայց Աստծո հետ ապրել շատ էի ցանկանում։ Իսկ արդեն գիտակից տարիքում հասկացա, որ ես կայացրել եմ իմ կյանքի ամենաճիշտ որոշումը, որովհետև ընտրել եմ Աստծուն։ Նրա հետ ես ունեցել եմ անսահման ազատություն ու վստահություն, որ ամեն բան ճիշտ եմ հասկանում ու անում։

Այս ազատությունն է, որ թույլ է տալիս քրիստոնեային մտածել ու ապրել այնպես, ինչպես ինքն է ցանկանում։

Շատերը հավատում են Աստծուն զուտ այն պատճառով, որ իրենց այդպես են սովորեցրել։ Բայց Աստված ցանկանում է, որ իրեն երկրպագող մարդիկ լիովին համոզված լինեն, որ ինքը գոյություն ունի և սիրում է իրենց։ Պատճառներից մեկն էլ հենց սա է, որ Աստվածաշունչը հորդորում է, ջանադրաբար փնտրել Աստծուն և ճանաչել նրան։Ինչպես Պողոս առաքյալն է ասում. «Հավատ՝ նշանակում է վստահ լինել այն բաներին, որոնց հանդեպ հույս ունենք, և համոզված լինել այն բաներին, որոնք չեն երևում» (հմմտ. Եբր․ԺԱ 1):

Երբ ընտրում ենք Աստծուն, այդ պահից սկսած մեր կյանքը մտնում է մի նոր փուլ, որտեղ այլևս գոյություն չունի սուտը, կեղծիքը, անհավատությունն ու չարությունը։ Աստծո գոյությունը մեր կյանքում շատ բան է փոխում․ հավատը ապրեցնելու բացառիկ ուժ ու կարողություն ունի, ու երբ այդ հավատի մեջ մարդը ամեն օր ավելի է զորանում, նրա ապրելու տենչն ու ձգտումը ավել է ուժեղանում։

Առանց հավատի՝ հնարավոր չէ հաճեցնել Աստծուն, քանի որ նա, ով մոտենում է Նրան, համոզվում է, որ Տերը միշտ իր կյանքում է։

qahana.am

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս