Հողերը չեմ հանձնել, որովհետև իսկ ի՞նչ էինք ստանում դրա դիմաց, ըստ էության, ոչ մի բան. Փաշինյան

Նիկոլ Փաշինյանն այսօր իր առցանց մամուլի ասուլիսի ժամանակ անդրադառնալով Արցախի հարցի բանակցային գործընթացին, ասաց, որ բանակցային գործընթացը 2018 թականին ընդունել է այն փուլում, երբ Սերժ Սարգսյանը 2017 թվականին ասել էր, որ բանակցային գործընթացը լավատեսություն չի ներշնչում, իսկ ավելի ճիշտ՝ գործընթացը կանգնած է, որովհետև Ադրբեջանի ակնկալիքներն այդ բանակցային գործընթացից անիրատեսական ու անընդունելի են հայկական կողմի համար։

«Իմ առջև այդ փաստաթղթերը ոչ թե դրվեցին, դրանք սեղանին էին։ ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում արդեն մի քանի հանդիպումներ տեղի են ունեցել, և գործընթացը պիտի շարունակվի։ Ըստ էության հիմա պատերազմից հետո մենք պետք է դեռ մոտենանք, վերադառնանք, հասկանանք, փորձենք օրակարգ ձևավորել։ Համանախագահները վերջին անգամ օրակարգ են առաջարկել, որը մեզ համար ընդունելի է։ Միշտ էլ ցանկացած պատերազմ կարելի է կանխել, բայց դա գին ունի։

Տեսեք, այս պատմության մեջ ինձ ուղղված շատ մեղադրանքներ կան։ Ուզում եմ ասել, թե որը կարող է լինել ինձ ուղղված ամենալեգիտիմ մեղադրանքը։ Ինձ մեղադրում են նրա մեջ, որ ես հանձնել եմ հողեր, իրականում սա անհիմն մեղադրանք է, բայց կա լեգիտիմ մեղադրանք, ինձ կարող են մեղադրել հողերը չհանձնելու մեջ, և դա կլինի լեգիտիմ մեղադրանք։ Եթե որևէ մեկն ինձ ասի, որ՝ դու պետք է հասկանայիր՝ տարբերակ չկար, դու ուղղակի պետք է հանձնեիր այդ հողերը, տարածքները, որպեսզի պատերազմ չլիներ, դա կլինի լեգիտիմ մեղադրանք։ Իսկ այն մեղադրանքը, որ ես հանձնել եմ, բացարձակ… ընդհակառակը, հենց չեմ հանձնել, սա է լեգիտիմ մեղադրանքը, բայց չեմ հանձնել ինչի՞ համար, որովհետև… իսկ ի՞նչ եք ստանում դրա դիմաց, ըստ էության՝ ոչ մի բան»,- եզրափակեց նա։

Տեսանյութեր

Լրահոս