«Թուրքիայի հետ բանակցություններում չափազանցված սպասումներ պետք չի ձևավորել». Փաշինյան

Երեկվանից Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան գրառմամբ տեղեկացրել էր, որ  այսօր ժամը 20։00-ին պետք է պատասխանի լրատվամիջոցների և հասարակական կազմակերպությունների հարցերին ֆեյսբուքյան առցանց ասուլիսի ընթացքում։

Նախապես ուղարկված հարցերը դասդասել էին՝ ըստ թեմաների:

Միանգամից 3 լրատվամիջոց  Փաշինյանից հետաքրքրվել էին՝ Հայաստանը և Թուրքիան երկխոսություն սկսելու համար հատուկ ներկայացուցիչներ են նշանակել, մեր կողմից հայտարարվում է առանց նախապայմանների քննարկումներ սկսելու պատրաստակամության մասին, ընդդիմադիրները կարծիքներ են հնչեցնում, որ Հայաստանը համաձայնելով ներգրավվել այս գործընթացին՝ արդեն իսկ ընդունել է Թուրքիայի նախապայմանները, որոնցից է մեկն էլ, այսպես կոչված՝ Զանգեզուրի միջանցք տրամադրելն է։ Ի՞նչ ակնկալիքներ ունի Հայաստանն այս գործընթացից և ի՞նչ օրակարգով է Հայաստանը պատրաստվում կարգավորմանը, ե՞րբ է նախատեսվում հատուկ ներկայացուցիչների առաջին հանդիպումը։

«Գիտեք, ես այդ տեսակետի հետ համաձայն չեմ, որովհետև արդեն իսկ ասացի, որ մենք միջանցքային տրամաբանության որևէ հարց չենք քննարկել, չենք քննարկում և չենք քննարկելու։ Թուրքիայի հետ հարաբերությունների առումով, եթե հարցը դնենք կոմունիկացիաների տրամաբանության մեջ, տեսեք, ես ասացի, որ մեզ համար կարևոր է տարանցիկ ուղիներ ստեղծելու, այո, կառուցելու, ձևավորելու օրակարգը և, օրինակ, Թուրքիայի հետ հարաբերություններում, եթե պարզվի, որ այս հնարավոր բացվող, ստեղծվող կոմունիկացիաներն ավելի մեծ և ընդարձակ տարածաշրջանային նշանակություն են ունենում, կարող են ունենալ, դա, իհարկե, մեր օրակարգի կարևոր հարցերից մեկն է, օրինակ՝ սահմանի և հայ-թուրքական երկաթուղու բացումը, և այդպես շարունակ»։
Փաշինյանը հայտնեց, որ այս պահին խոսք է գնում նաև Թուրքիայի հետ օդային հաղորդակցության վերաբացման մասին, ինչն ինքը դրական է գնահատում․

«Ողջունում ենք այդ մոտեցումը, և հույս ունեմ, որ իսկապես իրականում փոխադարձ թռիչքները կսկսվեն։ Այսինքն՝ մեր ակնկալիքը հարաբերությունների կարգավորումն է, բայց էլի եմ ասում՝ մենք պետք է հասկանանք, որ գործ ունենք շատ բարդ խնդրի հետ, շատ բարդ խնդրի հետ, որն ունի բազմաթիվ նրբություններ, բազմաթիվ զգայունություններ, այդ հարցի վերաբերյալ Հայաստանի Հանրապետությունում կա շատ էմոցիոնալ վերաբերմունք։ Ես ուրախությամբ ուզում եմ նշել, հիշո՞ւմ եք մեր նախորդ հանդիպման ժամանակ, ըստ էության եզրափակիչ հատվածը նվիրված էր հայ-թուրքական հարաբերությունների ընկալումներին, և ես ուրախությամբ արձանագրեցի, որ մեր խոսակցության այդ հատվածը բովանդակային քննարկման առարկա էր դարձել մեր հանրության շրջանում։ Կարծիքները տարբեր էին, բայց քննարկումը բովանդակային էր, այսինքն՝ այնպես չէր, որ․․․ փորձ է արվել սկսել այդ խոսակցությունը, որ մենք խնդիրն իր էությամբ հասկանանք, հասկանանք ամբողջության մեջ, և մենք պետք է գնանք, փորձենք։ Ես չեմ ուզում Ադրբեջանի հետ մեր քննարկումներում, բանակցություններում և Թուրքիայի հետ մեր քննարկումներում, բանակցություններում  չհիմնավորված լավատեսություն արտահայտենք, որովհետև այդ լավատեսության հիմքը չկա, բայց կողմերն արտահայտում են ցանկություն՝ քննարկելու, խոսելու, փորձ անելու՝ լավատեսության համար հիմք ստեղծել»։

Իսկ թե Հայաստանի և Թուրքիայի բանագնացների առաջին հանդիպումը ե՞րբ տեղի կունենա, Փաշինյանն պատասխանեց, որ տվյալ պահին այդպիսի հանդիպում նշանակված չէ․

«Հույս ունեմ, որ հնարավորինս արագ կնշանակվի․․․ Մենք ասում ենք՝ հանդիպում, բայց պարզ է, ոչ մի հանդիպում, ոչ էլ 2 հանդիպում, ոչ 3 հանդիպում, ոչ էլ նույնիսկ 4-5 հանդիպում, այդտեղ շատ երկար պրոցես է տեղի ունենալու, եթե կպարզվի, որ 4 կամ 5 հանդիպման արդյունքում մենք կարող ենք կոնկրետ բան արձանագրել՝ շատ ավելի լավ, բայց սպասել, որ հենց այդպես էլ տեղի կունենա, այսինքն՝ չափազանցված սպասումներ պետք չի ձևավորել»։

Փաշինյանը նաև հավելեց, որ բանագնացները միայնակ չեն աշխատելու, ամենայն հավանականությամբ նրանց աջակցող դիվանագիտական թիմեր կլինեն․

«Մեր արտաքին գործերի նախարարությունը, մեր դիվանագիտական ծառայությունը, իհարկե, կձևավորի աջակցող խումբ, որը մեծ բանագնացին աջակցություն կցուցաբերի։ Դա կարևոր ծավալուն աշխատանք է, դա մի հոգու աշխատանք չէ, դա թիմային աշխատանք է, և հենց այդպես էլ կարվի»։

Տեսանյութեր

Լրահոս