«Էնպես չէր, որ Միշելը մեզ խանգարում էր ու Ալիևի հետ հենց մնացինք մենակ ասեցինք՝ արագ քննարկենք»․ Փաշինյան
Նիկոլ Փաշինյանն այսօր տարեվերջյան առցանց մամուլի ասուլիսի ընթացքում անդրադարձավ դեկտեմբերի 16-ին Բրյուսելում Ալիևի հետ տեղի ունեցած հանդիպմանը և նրա հետ առանձնազրույցի քննարկման թեմային։
«Առանձնազրույցի ընթացքում քննարկվել է նույնը, ինչ քննարկվում էր առանձնազրույցից առաջ և հետո։ Այնպես չէ, որ մի քանի րոպեով Շառլ Միշելը սենյակից դուրս է եկել, ու մենք ասել ենք, որ ահա, նա գնաց, դե հիմա խոսենք էն, ինչը պիտի խոսեինք ու չենք խոսում։ Տեղի է ունեցել նույն խոսակցության շարունակությունը մեր օրակարգի, քննարկման հարցերն ենք շարունակել քննարկել։ Այսինքն՝ այդ քննարկումն իր դինամիկայի մեջ որևէ փոփոխություն չի ունեցել, որվհետև Շառլ Միշելի ներկայությամբ կրկին մենք քննարկել ենք այն հարցերը, որոնք մեր օրակարգի հարցերն են։ Այսինքն՝ այդ 15-20 րոպեն, հիմա չեմ կարող ասել, հնարավոր է՝ կես ժամը, որևէ բանով չի տարբերվել նախորդ խոսակցությունից։ Այնպես չէ, որ Շառլ Միշելը մեզ խանգարում էր ինչ-որ բան քննարկել ու դուրս եկավ, մենք ասեցինք՝ դե արի քննարկենք»,- նշեց Նիկոլ Փաշինյանը։