Դիտարկվում է Հարավային Կովկասում ավտոտրանսպորտային և երկաթուղային կապերի ապաշրջափակումը. գործը գնում է դեպի հստակ տրանսպորտային նախագծերի գործարկման. ՌԴ ԱԳՆ
Բրյուսելյան հանդիպումներից հետո հնչող նախաձեռնություները զարգացնում են երեք երկրի ղեկավարների՝ նոյեմբերի 26-ի եռակողմ հայտարարությունը: Այս մասին ամենշաբաթյա ճեպազրույցի ժամանակ հայտնել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան՝ անդրադառնալով երկաթուղային հաղորդակցությունների բացմանը:
Դիվանագետը հավելել է, որ այդ հարցերի քննարկումները շարունակվում են փոխվարչապետերի համանախագահությամբ ստեղծված աշխատանքային խմբի շրջանակում:
«Այդ մեխանիզմի շրջանակում դիտարկվում են Հարավային Կովկասում բոլոր տնտեսական և հաղորդակցական կապերի, այդ թվում և ավտոտրանսպորտային և երկաթուղային կապերի ապաշրջափակման հարցերը: Գործը գնում է դեպի հստակ տրանսպորտային նախագծերի գործարկմանը»,- ասել է Զախարովան:
Վերջինս ողջունել է երկկողմ հարաբերությունների կարգավորմանն ուղղված միջազգային ջանքերը: Նա դա ասել է անդրադառնալով Եվրոպայի խորհրդի նախագահ Շառլ Միշելի հայտարարությանը՝ Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանզատման և սահմանագծման աշխատանքներին տեխնիկական աջակցություն ցույց տալու վերաբերյալ:
«Մեր կողմից մենք կշարունակենք աջակցել և՛ Ադրբեջանին, և՛ Հայաստանին»,- հավելել է Զախարովան:
Անդրադառնալով 2020 թվականի նոյեմբերի 9-ի հայտարարության դրույթների իրագործման ընթացքին՝ Զախարովան նշել է, որ ընդհանուր առմամբ, այն իրականացվում է: Հայաստանի և Ադրբեջանին, Ռուսաստանին, ինչպես նաև բոլոր այլ կողմերին, որոնք տեղում հսկում են իրավիճակը որևէ բարդացումից խուսափելու համար, Զախարովան մաղթել է խաղաղություն, համբերություն, հաջողություն ամենաձգձգված և արյունալի հակամարտություններից մեկի ապաշրջափակման հարցում: