Ալիևի հետ Բրյուսելի հանդիպումից հետո նոր հնարավորություն եմ տեսնում, որը չի հատում մեր կարմիր գծերը. Նիկոլ Փաշինյան
Նիկոլ Փաշինյանն այսօր ֆեյսբուքյան առցանց ասուլիսի ժամանակ պատասխանելով լրագրողի նախապես ուղարկված հարցին, թե արդյոք բրյուսելյան հանդիպումներից հետո կարո՞ղ է վերահաստատել, որ հայկական կողմը որևէ պարագայում չի համաձայնվի առանց մաքսային ստուգումների և մաքսային տուրքի գանձման ճանապարհ տրամադրել Ադրբեջանին, ասաց․
«Այո՛ և ըստ էության հանդիպումից առաջ ես արդեն իմ ֆեյսբուքյան էջում գծանշել էի հայկական կողմի կարմիր գծերը, որի իմաստը հետևյալն էր, որ միջանցքային որևէ տրամաբանություն մենք չենք ընդունում, և այն, ինչ որ մենք պայմանավորվեցինք կամ խոսեցինք երկաթուղիների մասով Բրյուսելում, դա Սոչիում սկսված խոսակցության ամփոփումն էր և այդտեղ արձանագրումը հետևյալն էր, որ 2 կողմերից կգործի լիարժեք մաքսային, սահմանային հսկողություն, որը մեզ համար ընդունելի է, Ադրբեջանի համար ընդունելի է, և մենք հիմա պայմանավորվեցինք գործարկել երկաթուղու շինարարությունը»։
Մյուս հարցին՝ ո՞րն է այն գլխավոր խոչընդոտը, որ համաձայնություն ձեռք չի բերվում ավտոմեքենաների ապաշրջափակման հարցում, որդյո՞ք Բրյուսելում, դռնփակ հանիպումների արդյունքում Ադրբեջանն այլ պահանջներ է առաջ քաշել, Նիկոլ Փաշինյանը պատասխանեց՝ ավտոճանապարհների հետ կապված մեր սկզբունքային դիրքորոշումը նույնն է մնացել, իսկ թե ի՞նչ տեղի ունեցավ Բրյուսելում, ասաց․
«Բրյուսելում ես և Ադրբեջանի նախագահը փորձեցինք մտնել մանրամասների մեջ, փորձեցինք հասկանալ՝ ի՞նչն է պատճառը, որ մենք արտահայտում ենք ահա այսպիսի դիրքորոշումներ, որովհետև հրապարակային հնչող դիրքորոշումները դրանք այսբերգի երևացող կողմն են, բայց կան պատճառներ և կան խնդիրներ, որոնց պատճառով մենք այս կամ այն դիրքորոշումն ենք արտահայտում։ Երբ մենք մտանք մանրամասների մեջ, անկեղծ ասած, ես այդ մանրամասն քննարկումների ժամանակ այդտեղ էլ տեսա հնարավորություն, որ մենք կարող ենք գալ որոշակի լուծումների, որտեղ թե՛ մեր դիրքորոշումները, թե՛ Ադրբեջանի առաջ քաշած զուտ գործնական խնդիրները կարող են իրականում լուծում ստանալ, բայց այս մասով մենք ոչ մի պայմանավորվածություն չունենք, պարզապես այդ հանդիպումից հետո նաև ես որոշակի հնարավորություններ տեսա, և այդ հնարավորությունները մենք պիտի փորձենք օգտագործել, որպեսզի այսպես ասած՝ այս հարցում իրական կոմպրոմիսային լուծում գտնենք, որը չի հատում մեր այն կարմիր գծերը, որոնց մասին ես արդեն ասել եմ»։