«Այս պայմաններում այլընտրանքային ճանապարհները փակվելու են ու դառնան անանցանելի». Բարձրավանի գյուղապետ
Սյունիքի մարզի Գորիս-Կապան ճանապարհի Որոտանի հատվածից նոյեմբերի 10-ից հետո սյունեցիները չեն օգտվում, քանի որ այնտեղ թշնամին մաքսակետ է տեղադրել։ Սյունեցիները բազմիցս հայտարարել են, որ ցանկություն չունեն իրենց հողի վրա մաքսատուրք վճարել թշնամուն և այդ ճանապարհից չեն օգտվի այնքան ժամանակ, մինչև թշնամին դուրս չգա ՀՀ սուվերեն տարածքից։
Այդ հիմնական ճանապարհի փոխարեն, ՀՀ քաղաքացիներն օգտվում են այլընտրանքային ճանապարհից, որն անվտանգ երթևեկության համար շատ հեռու է նորմալ ճանապարհ լինելուց։
168.am-ի հետ զրույցում Սյունիքի մարզի Բարձրավան գյուղի ղեկավար Օնիկ Ավագյանն անդրադառնալով այլընտրանքային ճանապարհներին՝ ասաց, որ դեկտեմբերի 23-ին է Բարձրավանից գնացել Գորիս՝ Խոտ գյուղը շրջանցող ճանապարհով։
«Թասով եմ իջել ու բարձրացել, այնտեղ Թասի մի հատվածը ուժեղ մերկասառույց էր, ամենագնաց մեքենաների համար էլի ոչինչ՝ անցանելի էր, բայց սովորական մեքենաները կանգնել էին ու չէին կարողանում բարձրանալ։ Ընդհանուր վիճակը սա է»,- նշեց Բարձրավանի գյուղապետը։
Ինչ վերաբերում է եղանակի վատթարանալուն և ճանապարհների երթևեկությանը, Օնիկ Ավագյանն ասաց, որ, եթե հիմա է մերկասառույց, ապա խորը ձմռանն առհասարակ ճանապարհը կփակվի։
«Նույնիսկ այդ ճանապարհը մաքրելու, ավազ ցանելու համար տեխնիկայի տեղաշարժման խնդիրներ են առաջանում։ Եթե հաշվի առնենք, թե մեզ մոտ ինչքան առատ ձյուն է գալիս, ապա այդ պայմաններում այլընտրանքային ճանապարհները փակվելու են ու դառնան անանցանելի»,- հավելեց նա։
Անդրադառնալով Որոտանի հատվածում թշնամու կողմից բենզալցակայանի բացմանը և հարցին՝ մտավախություններ չունի՞, որ հայերը զուտ էժան բենզին գնելու համար կսկսեն երթևեկել այդ ճանապարհով, Օնիկ Ավագյանը պատասխանեց. «Ես հեռու եմ նման բան մտածելուց։ Անձամբ ես այդ քայլին հաստատ չեմ գնա և այդ բենզինը չեմ գնի»։