Մահացել է դերասան Վլադիմիր Թաթոսովը
95 տարեկան հասակում մահացել է ՌԽՖՍՀ ժողովրդական արտիստ (1991) Վլադիմիր Թաթոսովը՝ օնկոլոգիական հիվանդության սրման պատճառով՝ կորոնավիրուսով վարակման ֆոնին: Դեկտեմբերի 24-ին այդ մասին հաղորդվում է «Խոսում է Մոսկվան» ռադիոկայանի կայքում՝ վկայակոչելով Պետդումայի մշակույթի կոմիտեի առաջին փոխնախագահ Ելենա Դրապեկոյին։
«Վլադիմիր Միխայլովիչը հիանալի մարդ էր, սքանչելի արտիստ: (…) Մահվանից մի քանի օր առաջ նա զանգահարեց ինձ, որ իրեն հիվանդանոց են պառկեցրել: Մենք նրան տեղափոխեցինք մի այլ հիվանդանոց, որտեղ պրոֆիլային էր նրա հիվանդությունը, բայց նրան վարակեցին քովիդով: Նա մահացավ այդ երկու արտասովոր հիվանդությունների համատեղումից: Ինձ համար դա շատ մեծ կորուստ է»,- ասել է Դրապեկոն:
Վլադիմիր Թաթոսովը հայտնի է այնպիսի ֆիլմերում խաղացած դերերով, ինչպիսիք են «Շեռլոք Հոլմսի եւ դոկտոր Վաթսոնի արկածները, Քսաներորդ դարն սկսվում է», «Հիշողություններ Շեռլոք Հոլմսի մասին», «Հուլիսի վեցը», «Վստահություն» եւ այլ ֆիլմերում, հնչունավորել է դոկտոր Սնաութին Անդրեյ Տարկովսկու «Սոլյարիս» ֆիլմում: Աշխատել էՍանկտ Պետերբուրգի Ակիմովի անվան կոմեդիայի թատրոնում (1940 – 1960-ական եւ 1990 – 2010-ական թվականներ), Լենինգրադի Լենինյան կոմերիտմիության անվան թատրոնում (այժմ «Բալթիական տուն» թատրոնում, 1940 – 1960-ական թվականներ), Մ. Գորկու անվան Դրամատիկական մեծ թատրոնում (այժմ Տովստոնոգովի անվան, 1963 – 1971) եւ այլ թատրոններում, հաղորդել էՏԱՍՍ-ը: