Մոսկվան հունվարին Ռուսաստան-ՆԱՏՕ խորհրդի նիստ անցկացնելու առաջարկություն է ստացել
Մոսկվան Հյուսիսատլանտյան դաշինքից առաջարկություն է ստացել Ռուսաստան-ՆԱՏՕ խորհրդի նիստ անցկացնել հունվարին. նա պատրաստ է կազմակերպության հետ ուղղակի երկխոսության: Այդ մասին հայտարարել է ՌԴ ԱԳՆ-ի պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան:
«Մենք ստացել ենք նման առաջարկություն, կարող եմ հաստատել: Այժմ այն գործնական առումով քննարկվում է, թե ինչպես կարելի կլիներ դա անել»,-ասել է Զախարովան՝ հանդես գալով դեկտեմբերի 24-ին տեղի ունեցած ճեպազրույցում:
«Մենք հաստատում ենք մեր պատրաստակամությունը ՆԱՏՕ-ի հետ ուղղակի երկխոսության հարցում՝ Ռուսաստանի անվտանգության երաշխիքների շուրջ պայմանավորվածությունների ռուսաստանյան նախագծի վերաբերյալ, որոնք բացառում են դեպի արեւելք դաշինքի հետագա ընդլայնումը եւ հարվածային համակարգերի տեղակայումը Ռուսաստանի սահմանների անմիջական մերձակայքում»,-հավելել է նա: ՌԴ ԱԳ նախարարության պաշտոնական ներկայացուցչի խոսքով՝ Ռուսաստան-ՆԱՏՕ ձեւաչափով հանդիպման կոնկրետ ժամկետները կորոշվեն ավելի ուշ: Ավելի վաղ դեկտեմբերին ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Ենս Ստոլտենբերգը հայտնել է Ռուսաստան-ՆԱՏՕ խորհրդի նիստը 2022 թվականի սկզբին կազմակերպելու պլանների մասին՝ դաշինքի եւ Մոսկվայի միջեւ տարաձայնիությունները կարգավորելու նպատակով, հաղորդել է «Ինտերֆաքս»-ը: