ՍԴ որոշումը չի պարտավորեցնում գործատուին վճարելու աշխատողի ՊՇՌ թեստի գումարը․ պարզաբանում է նախարարության իրավաբանը

Սահմանադրական դատարանի որոշմամբ ո´չ պետությունը, ո´չ գործատուն, ո´չ որևիցե այլ անձ ուղղակիորեն չեն պարտավորեցվել վճարելու աշխատողի ՊՇՌ հետազոտություն անցնելու գումարը:

Ինչպես «Արմենպրես»-ին ասաց ՀՀ առողջապահության նախարարության իրավաբանական վարչության պետ Աննա Մկրտումյանը, աշխատող բոլոր անձինք պետք է նույն ընթացակարգով անցնեն ՊՇՌ հետազոտություն, պարզապես ՍԴ-ն հակասահմանադրական է ճանաչել առողջապահության նախարարի հրամանի բոլոր հավելվածների միայն «իրականացնում է աշխատողն՝ իր հաշվին» ձևակերպումը:

«Այսինքն՝ «իր հաշվին» ձևակերպումը կանխորոշել է բացառապես հստակ շրջանակ աշխատողների համար, այժմ ՍԴ-ն ասում է, որ մի դրեք այդ սահմանափակումն անձի վրա, որ ինքը իր հաշվին իրականացնի, կարող է իրականացնել ցանկացած այլ անձի հաշվին, ով կամային մոտեցմամբ կտա իր համաձայնությունը վճարելու աշխատողի ՊՇՌ հետազոտության գումարը, դա սեփական ցանկությամբ է և կարող է լինել նույնիսկ գործատուն, եթե նա նման ցանկություն հայտնի: Սա է եղել ՍԴ-ի որոշման եզրափակիչ մասի համապատասխան դրույթի բովանդակությունը»,-ասաց Մկրտումյանը՝ պարզաբանելով, սակայն, որ ո´չ պետությունը, ո´չ գործատուն, ո´չ որևիցե այլ անձ չեն պարտավորեցվել վճարելու աշխատողի ՊՇՌ թեստի գումարը։

Տեսանյութեր

Լրահոս