Առուշ Առուշանյանը ճանաչողության առումով Բրեդ Փիթն է՝ այսօրվա քաղաքապետի մոտ. Միհրդատ Մադաթյան

«Միշտ ունեցել ենք այն ստվար զանգվածը, ով շարժվել է՝ «որտեղ հաց՝ այնտեղ կաց» կոնցեպտով: Սրա վառ օրինակն էր՝ 1980-ական թթ. ամերիկատենչ հայերը զանգում էին, որ գնային մի համբուրգեր ուտեին: Սա՝ այն դեպքում, երբ Խորհրդային Հայաստանում ոչ մի խնդիր չկար»,- «Հայելի» ակումբում ասուլիսի ժամանակ ասաց հոգեբան Միհրդատ Մադաթյանը՝ հավելելով, որ արցախյան առաջին պատերազմի տարիներին որոշ չկողմնորոշված զանգված էլ ձևավորվեց որպես հայրենասեր. դա մեզ համար շատ կարևոր էր:

«Ուղղակի այն շրջանում բոլորս կատարեցինք որոշակի սխալներ. Լևոն տեր-Պետրոսյանին ընտրել ենք բոլորս, նաև ես: Այստեղից սկսվեց Հայաստանի այլասերումը: 90-ական թվականներին ստիպեցին, որ դու ոչ մի բանի մասին չմտածես՝ բացի երեխայիդ ջերմությամբ, հացով ապահովելը: Ու ձևավորվեց մի սերունդ, որը վախենում է կորցնել այդ հացը, որովհետև մենք տեսել ենք այդ մոմերը, նավթավառները, ցախով տուն տաքացնելը, ժամով լույս տալը: Հետո սկսեց այլասերվել նաև մշակույթը, կրթությունը: Եվ մարդիկ, որոնք ինձ համար ոչ մի արժեք չեն ներկայացնում՝ սկսեցին անվանվել մտավորականներ, մշակութային գործիչներ և հավասար դասվել, ասենք, Վիկտոր Համբարձումյանին, Սոս Սարգսյանին:

Հիմա մենք ունենք ծատուրյաններ, Ռուբեն եսիմինչյաններ, ովքեր նորմալ են համարում թուրքի հետ բարեկամություն անելը՝ Սումգայիթից հետո: Դեռ 1915 թվականը չեմ ասում: Մարդիկ են, ովքեր Սումգայիթը տեսել են. սա է ամբողջ խնդիրը: Համերաշխությանը ես էլ եմ կողմ, բայց ո՞նց անենք. գնանք ոտքը պաչենք, որ մեզ համերաշխությո՞ւն տա: 2020 թվականի սեպտեմբերի վերջից մենք լսում ենք Ադրբեջանի կողմից ագրեսիվ արտահայտություններ՝ մեր ղեկավարության, երկրի նկատմամբ, և ոչ մի պատասխան չենք լսում Հայաստանի կողմից: Դրա արդյունքում ունենում ենք տարածքային, մարդկային կորուստ: Մեկ տարուց ավելի է՝ գերիներ ունենք Բաքվում, բայց 2 ադրբեջանցի ենք բռնում՝ մի քանի ժամից բաց ենք թողնում»,- նշեց հոգեբանը:

Նա անդրադարձավ նաև Երևանի նախկին քաղաքապետ Հայկ Մարությանին անվստահություն հայտնելու որոշմանը՝ նկատելով.

«Ինձ համար նա եղել է Երևանի պատմության մեջ ամենավատ քաղաքապետը: Միջադեպով ֆիքսեցինք, որ ունենք Հայաստանի ֆաշիստական կուսակցություն՝ «Քաղաքացիական պայմանագիր» անվանումով: Բոլոր հարցազրույցներում հնչեց՝ եթե կուսակցական ես, չպետք է ունենաս կամք, մտածողություն: Իսկ ներկայիս քաղաքապետին չեն ճանաչում, Առուշ Առուշանյանը ճանաչողության առումով Բրեդ Փիթն է՝ այսօրվա քաղաքապետի մոտ: Այսինքն, չունեն կադրեր, չունեն լծակներ, և սկսվել է տկզարացման պրոցեսը»:

Տեսանյութեր

Լրահոս