«Ներկա դրությամբ գումարների վերադարձի մասին խոսելն էլ ավելի աբսուրդ է, քան էս սին որոշման քաղաքական մանիպուլյացիաները». Ալեքսանդր Հարությունյան
Սահմանադրագետ Ալեքսանդր Հարությունյանն իր ֆեյսբուքյան էջում գրում է. «Քանի սպասում ենք որոշմանը, արձանագրենք՝ մի նախադասություն հակասահմանադրական ճանաչվեց հրամանի մեջ ու սկսվեց`
1. Ընդդիմադիրներն ու հատկապես Հայաստան դաշինքը սկսեցին խոսել լրջագույն հաղթանակից,
2. Լրատվականները սկսեցին տարածել հրամանի հակասահմանադրական լինելու թեզը,
3. Ֆեյսբուքահայությունը, այդ թվում մի նախկին քայլող, հիմա թունդ ընդդիմադիր, սկսեցին խոսել վճարված գումարների ու դրանց վերադարձի մասին ու սենց շարունակ:
Մինչդեռ իրականում բոլոր պահանջները մնացին նույնը, իսկ ՍԴ-ն արձանագրեց այն, ինչ բոլորս առանց այդ էլ գիտեինք` Առողջապահության նախարարության և այն ղեկավարողի ոչ կոմպետենտությունը, ով հրամանն այնպես է շարադրում, որ հակասահմանադրական ձևակերպում է ի հայտ գալիս:
Փաստացի այս վայրկյանի դրությամբ` աշխատողը էլի պետք է ներկայացնի ՊՇՌ թեստ, եթե չի պատվաստվում, գործատուն ու պետությունը ոչ մի պարտականություն չունեն այդ ծախսերը հոգալու, փոխարենը գործատուն ունի պարտականություն թեստ պահանջելու: Լաբորատորիաներն անվճար չեն անելու թեստավորումը, ինչը բնական է, արդյունքում զուտ երկու բառ հանվեց, բայց բովանդակային պարտականությունները մնացին: Ստեղ հաղթանակը ո՞րն է, չգիտեմ: Ներկայիս դրությամբ գումարների վերադարձի մասին խոսելն էլ ավելի աբսուրդ է, քան էս սին որոշման քաղաքական մանիպուլյացիաները»։