Իսրայելում տարեցները և բուժաշխատողները կկարողանան ստանալ COVID-19-ի դեմ պատվաստանյութի չորրորդ չափաբաժինը
Իսրայելը 60-ից բարձր տարիքի բոլոր քաղաքացիներին հանձնարարել է COVID-19-ի դեմ Pfizer/BioNTech պատվաստանյութի չորրորդ չափաբաժինն ստանալ կորոնավիրուսի օմիկրոն շտամի արագ տարածման հետ կապված անհանգստության ֆոնին: Այդ մասին հաղորդել է The Jerusalem Post-ը:
Համավարակի հակազդման խումբը դեկտեմբերի 21-ի երեկոյան որոշում է ընդունել, որ 60-ից բարձր տարիքի բոլոր քաղաքացիները եւ բուժաշխատողները կկարողանան ստանալ COVID-19-ի դեմ պատվաստանյութի չորրորդ չափաբաժինը, հաղորդել է առողջապահության նախարարությունը:
Պատվաստումը կարելի կլինի անել պատվաստանյութի երրորդ չափաբաժինն ստանալուց չորս ամիս անց: Բացի այդ, պատրաստուկի երկրորդ եւ երրորդ չափաբաժիններն ստանալու միջեւ ընկած ժամանակաշրջանը կրճատվել է հինգից մինչեւ երեք ամիս: Իսրայելի վարչապետ Նաֆթալի Բենեթը իր հայտարարության մեջ ողջունել է հանձնարարականը եւ քաղաքացիներին հորդորել՝ որքան կարելի է ավելի արագ անել ներարկումը:
Նա նշել է, որ Իսրայելն առաջին երկիրն է աշխարհում, որն իր քաղաքացիներին առաջարկել է պատվաստանյութի երրորդ չափաբաժինը: Նրա կարծիքով, պատվաստանյութի չորրորդ չափաբաժինը կօգնի «հաղթահարելու օմիկրոնի ալիքը, որը համակում է աշխարհը»:
Հուլիսի վերջին երկիրն սկսել է խթանիչ ներարկումներ առաջարկել 60-ից բարձր տարիքի անձանց համար:
Օգոստոսի վերջից խթանիչները 16-ից բարձր տարիքի բոլոր քաղաքացիների համար հասանելի են դարձել պատվաստանյութի երկրորդ չափաբաժինն ստանալուց հետո: Պատվաստանյութի չորրորդ չափաբաժինն ստանալու մասին որոշումն ընդունվել է այն բանի կապակցությամբ, որ վերջին օրվա ընթացքում Իսրայելում հայտնաբերվել է օմիկրոն տարատեսակով հիվանդանալու ավելի քան 150 նոր դեպք:
Առողջապահության նախարարության տվյալների համաձայն, անցած կիրակի օրը COVID-19-ով հիվանդացության ամենօրյա դեպքերի թիվն Իսրայելում երկու ամսվա ընթացքում առաջին անգամ գերազանցել է հազարը, հաղորդել է «Ինտերֆաքս»-ը: