Խնդրում եմ դեմ չգնալ ձեր խղճին և կատարել ժողովրդի կամքից բխող ընտրություն․ կալանավայրից Մամիկոն Ասլանյանի կոչը՝ Վանաձորի ավագանու անդամներին

Վանաձորի ՏԻՄ ընտրություններին «Մամիկոն Ասլանյան» դաշինքով մասնակցած Մամիկոն Ասլանյանը կալանավայրից ուղերձ է հղել Վանաձորի նորընտիր ավագանում։ Ուղերձում ասվում է․

«Հարգելի՛ ընկերներ, կոչ եմ անում մաս չկազմել ընտրական պրոցեսների ոտնահարման գործընթացին։ Դուք բոլորդ Վանաձոր խոշորացված համայնքի բնակիչներ եք և վաղը պիտի քայլեք այդ քաղաքի փողոցներով։ Բոլորդ մասնակից եք եղել ընտրական պրոցեսներին և քաջատեղյակ եք արձանագրված արդյունքներին։ Խնդրում եմ դեմ չգնալ ձեր խղճին, վանաձորցու կամքին և կատարել ժողովրդի կամքից բխող ընտրություն։ Միևնույն է՝ արդարությունը հաղթելու է, բայց ճիշտ կլինի, որ այն հաղթի ձեր ձեռամբ։ Ովքեր ուղղորդում են ընտրական պրոցեսները, նրանք մեծ առումով վանաձորցի չեն, բայց ձեզ են թողնելու այս ողջ գործընթացի սև խարանը, որը կրելու եք սերնդեսերունդ։

Գործեք հանուն Վանաձորի և վանաձորցու»:

Աստված առաջ»:

Մամիկոն Ասլանյանը կալանավորվել է դեկտեմբերի 16-ին։ Ըստ Քննչական կոմիտեի՝ առերևույթ տվյալներ են ձեռք բերվել 2016թ. հոկտեմբերի 10-ից մինչև 2021թ. հոկտեմբերի 10-ն ընկած ժամանակահատվածում Վանաձոր համայնքի ղեկավարի պաշտոնը զբաղեցրած Մամիկոն Ասլանյանի կողմից իր պաշտոնական լիազորությունները չարաշահելու և անցնելու, անձնական այլ դրդումներով պաշտոնեական կեղծիք կատարելու՝ հանրորեն վտանգավոր արարքներ գործելու մի շարք հանգամանքների վերաբերյալ:

Տեսանյութեր

Լրահոս