«Ընդդիմադիր որոշ գործիչներ էլ ունեն իրենց հեքիաթները». Լևոն Գալստյան

Խ. Աբովյանի անվ. հայկական պետական մանկավարժական համալսարանի Լրագրության ամբիոնի վարիչ Լեւոն Գալստյանը գրել է.

«ԱՄԱՆՈՐԻ ՇԵՄԻՆ

Ավանդական գյուղի «ֆեյսբուքը» գյուղամեջն էր կամ երիտասարդական օդան, քաղաքինը՝ հրապարակը կամ սրճարանը (հիշենք «Սկվազնյաչոկը», «Պոպլովոկը)։ Իսկ այսօ՞ր։ Այսօր և՛ գյուղը, և՛ քաղաքը մեկ միասնական հարթակ են գտել և խոսո՜ւմ են․․․(սա ինձ հիշեցնում է սասունցիների հրաշալի խմբապարերը, որտեղ չկան կատարողներ և հանդիսատեսներ. այնտեղ բոլորը մասնակիցներ են)։

Ընդ որում, խոսում են բոլորը։ Մեկի պուճուր մտքին մյուսը տիեզերական արձագանք է տալիս, և հակառակը՝ ճշգրիտ, մանավանդ՝ բանաձևված միտքն անտեսվում է, եթե չի շոյում տվյալ ընթերցողի ինքնասիրությունը կամ չի համըկնում իր պատկերացումներին։ Իսկ ի՞նչ են խոսում և վերջապես ինչո՞ւ են այդքան շատ խոսում մարդիկ։ Շփման պակասի՞ց, մենության վախի՞ց, ինքնագնահատական ճշտելու ցանկությունի՞ց․․․ Միմյանց հետ հաղորդակցվելիս ուզում են ինչ-որ բան իմանա՞լ, թե՞ հակառակը՝ ինչ-որ բան ասել։ Ի վերջո, հայկական դիմագիրքը մտքերի՞, թե՞ խոսքերի հաղորդակցում է։ Ասում են՝ խոսքերը մտքերը թաքցնելու համար են։

Եթե ա՛յս տրամաբանությամբ առաջնորդվենք, ուրեմն մարդիկ․․․ ստում են։ Բայց ստո՞ւմ են արդյոք։ Ըստ իս՝ չեն ստում, անգամ երբ գիտակցում են իրենց պնդումների վիճահարույց լինելը։ Ավելին, Դիմագրքում մարդկանց խոսքը հայելու պես մատնում է իրենց իրակա՛ն ցավերն ու երազանքները։ Մատնո՛ւմ է, ոչ թե արտացոլում։

Օրինակ, մեկն սկսել է կասկածել այն թեզին, թե արժե՞ այսչափ արագ  գրկախառնվել թշնամու հետ։ Բայց եթե նա քաղաքականապես դիրքավորված է և համակրում է, օրինակ, գործող իշխանությանը, իր մտավոր ուժերի ամբողջ լարումով ջանում է փաստարկներ բերել գրկախառնվելու օգտին։ Իրականում իր ականջի՛ն էլ իր իսկ բերած փաստարկները կարող են համոզիչ չհնչել, բայց  նրա համար ասես կենաց-մահու խնդիր է իր հորինած հեքիաթն ամեն գնով պահպանելը։ Հիմա ի՞նչ, ստո՞ւմ է այդ անձը, թե՞ ոչ։ Իհա՛րկե ոչ։ Նա պարզապես կռիվ է տալիս իր առասպելը քանդող-փշրող ստույգ իրականության դեմ, տրամաբանության դեմ՝ հանուն իր հեքիաթի Ի վերջո, հասկանանք, որ մարդկանց մի ստվար հատված կառչել է իր երազանքի փեշերից և չի ուզում հանձնել իր ճշմարտության դիրքերը, որքան էլ դրանք սարքված լինեն ավազից։ Եվ այդ մարդիկ որպեսզի հանգուցալուծեն իրենց ներքին երկվությունը, կառուցիկ, ճշմարտանման խոսքերի են վերածում սեփական հեքիաթը ոչ այնքան մյուսներին, որքան իրենք իրենց համոզելու համար։

Ես սա բոլորովին հեգնանքով չեմ ասում․ ինքս կտրականապես դեմ լինելով թշնամու հետ հաշտության անտրամաբանական, անբնական ու վաղաժամ քայլերին՝ այնուամենայնիվ, որպես մտքի մարդ՝ պարտավո՛ր եմ հասկանալ «արագ հաշտություն» երազող շատ քաղաքացիների ներքին դրաման։ Բայց, սիրելինե՛ր, ընդդիմադիր որոշ գործիչներ էլ ունեն իրենց հեքիաթները։ «Նախկինում ամեն ինչ ճիշտ էր, ամեն ինչ լավ էր»,-ասում են նրանք։ Երբեմն կեսբերան ապաշխարելու վեհերոտ փորձեր են անում, բայց մինչև վերջ չեն բացվում․ սեփական սխալները խոստովանելու մշակույթ չեն հաստատում։

Որքան էլ նրանք, ըստ իս՝ իրենց քաղաքական թեզերում իրավացի են, միևնույնն է, պարտավոր են մարդկանց հետ խոսելու, նրանց համոզելու ավելի բաց ու անկեղծ ավանդույթ հիմնել։ Մի խոսքով՝ մենք չենք մեր թշնամիները։ Գիտե՞ք՝ ինչն է ինձ հուսադրում, որ մենք անպայման կգանք ազգային համերաշխության։ Նկատե՞լ եք՝ Դիմագրքում մարդիկ, անկախ իրենց քաղաքական տարակարծություններից, ինչպիսի՜ ջերմությամբ են շնորհավորում միմյանց ծննդյան տարեդարձերը կամ ապրումակցման ինչ հուզիչ բառերով են ցավում կորուստների համար։ Այդ տաք ու մարդկային տողերի խորքում անթեղված չէ՞ արդյոք մեր ոգեղեն միասնության և բոլորիս երազած Հայաստանը վերագտնելու կարոտը։ Վստահ եմ՝ այո։ Եվ գիտեմ՝ գալու է սիրո և համերաշխության երկիրը․ Ձմեռ պապն է ինձ ասել»։

Տեսանյութեր

Լրահոս