Բաժիններ՝

«Աշխատողներին գործատուն իրավունք չունի ասելու՝ կգնաս, քո գրպանից կմուծես ՊՇՌ հետազոտությունների համար»․ Վարդևանյան

Ինչպես արդեն տեղեկացրել ենք՝ Սահմանադրական դատարանը պատվաստումների պարտադիրության վերաբերյալ ՀՀ առողջապահության նախարարի 2021 թվականի օգոստոսի 20-ի N 65-Ն հրամանի՝ ՊՇՌ թեստերը աշխատողների միջոցների հաշվին հանձնելու դրույթը ճանաչեց Սահմանադրությանը հակասող և անվավեր։ ՍԴ որոշումները կհրապարակվեն երեք օրյա ժամկետում։

Նիստից հետո ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արամ Վարդևանյանը հայտարարեց, որ աշխատողները իրենց միջոցներով ՊՇՌ հետազոտությունների պարտականություն չունեն։

«Աշխատողներին գործատուն իրավունք չունի ասելու՝ կգնաս, քո գրպանից գումար կհանես ու կմուծես ՊՇՌ հետազոտությունների համար»,– ասաց նա։

Վարդևանյանը նշեց, որ պարտադրանքը նրանում էր, որ քաղաքացին կամ պետք է պատվաստվեր, կամ սեփական միջոցներով վճարեր հետազոտության համար։

Պատգամավորը նշեց՝ սոցիալ-տնտեսական նման պայմաններում, երբ նվազագույն աշխատավարձը 68 հազար դրամ է, երբեմն ՊՇՌ հետազոտությունների համար քաղաքացիները վճարում են 40 հազար դրամ։

Նրա խոսքով՝ օրենքի վերաբերյալ վիճարկումը նպատակ ուներ բացառելու հնարավոր «խելագարության» կանխավարկածով մեկնաբանությունները։

«ԱՆ հրամանը ուներ մեկ ամենամեծ պրոբլեմ։ ՀՀ բոլոր աշխատողների վրա դնում էր պարտավորություն՝ իրենց սակավ միջոցների հաշվին կատարելու ՊՇՌ հետազոտությունների ծախսերը։ Այդ մասով ճանաչվեց սահմանադրականությանը հակասող և անվավեր։ Սա հենց մեր դիմումի անկյունաքարերից մեկն էր։ ՍԴ-ն իրականացրեց լիարժեք սահմանադրական արդարադատություն»,– ասաց նա։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս