Բաժիններ՝

Աշխատողներն իրենց միջոցներով ՊՇՌ հետազոտություն կատարելու պարտականություն չունեն. նախարարի հրամանը ճանաչվեց հակասահմանադրական

Դեկտեմբերի 16-ին Սահմանադրական դատարանն ավարտեց առողջապահության նախարարի հրամանի սահմանադրականության հարցի քննությունը:

Հիշեցնենք, որ նոյեմբերի 25-ից Սահմանադրական դատարանը (ՍԴ) բանավոր ընթացակարգով քննում է «ՀՀ Ազգային ժողովի պատգամավորների ընդհանուր թվի առնվազն մեկ հինգերորդի դիմումի հիման վրա՝ «Հայաստանի Հանրապետության բնակչության սանիտարահամաճարակային անվտանգության ապահովման մասին» ՀՀ օրենքի 20.1-ին հոդվածի 3-րդ մասի, 22-րդ հոդվածի 3-րդ պարբերության և ՀՀ առողջապահության նախարարի 2021 թվականի օգոստոսի 20-ի N 65-Ն հրամանի՝ Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ» գործը:

Այսօր ՍԴ-ն հրապարակեց իր որոշումը:

«1-ին՝ «Հայաստանի Հանրապետության բնակչության սանիտարահամաճարակային անվտանգության ապահովման մասին» ՀՀ օրենքի 20.1-ին հոդվածի 3-րդ մասը, 22-րդ հոդվածի 3-րդ պարբերությունը համապատասխանում են Սահմանադրությանը:

2-րդ՝ ՀՀ առողջապահության նախարարի 2021 թվականի օգոստոսի 20-ի N 65-Ն հրամանի՝ «ՊՇՌ հետազոտությունն աշխատողն անում է իր հաշվին» նախադասության «իր հաշվին» բառակապակցությունը ճանաչել Սահմանադրության 6-րդ հոդվածի 1-ին և 2-րդ մասերին և 39-րդ հոդվածին հակասող և անվավեր՝ նկատի առնելով, որ կորոնավիրուսային հիվանդության ախտորոշման ՊՇՌ հետազոտության ծառայությունից օգտվելիս դրա դիմաց վճարման պարտականություն ունեցող սուբյեկտների (աշխատողների) սահմանումը դուրս է առողջապահության նախարարի՝ օրենքով սահմանված լիազորությունների շրջանակից»,- ասաց ՍԴ նախագահ Արման Դիլանյանը:

ՍԴ նիստից հետո դիմող կողմի ներկայացուցիչ, Ազգային ժողովի (ԱԺ) «Հայաստան» խմբակցության ներկայացուցիչ Արամ Վարդևանյանն ասաց, որ աշխատողներն իրենց միջոցներով ՊՇՌ հետազոտություն կատարելու պարտականություն չունեն, քանի որ հրամանի այդ դրույթը ճանաչվել է հակասահմանադրական, իսկ մյուս կետի մասին կխոսի ՍԴ որոշմանը ՍԴ կայքում ծանոթանալուց հետո:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս