Գուրգեն Մարտիրոսյանը երդմամբ ստանձնեց Գավառ համայնքի ղեկավարի պաշտոնը

Գավառ քաղաքի Հայրապետ Խաչատրյանի անվան արվեստի դպրոցի դահլիճում տեղի ունեցավ Գավառ խոշորացված համայնքի նորընտիր ղեկավար Գուրգեն Մարտիրոսյանի երդմնակալության եւ պաշտոնի ստանձնման հանդիսավոր արարողությունը։

«Արմենպրես»-ի տեղեկացմամբ՝ արարողությանը մասնակցում էին Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանը, Գավառ համայնքի նորընտիր ավագանու անդամներ, Հայ Առաքելական եկեղեցու Գեղարքունյաց թեմի առաջնորդական տեղապահ Տեր Պարթեւ վարդապետ Բարսեղյանը,հոգեւոր դասի ներկայացուցիչներ, Գավառ համայնքի կրթամշակութային եւ առողջապահական հաստատությունների տնօրեններ, Հանրապետական գործադիր մարմինների տարածքային ծառայությունների եւ տեղական ինքնակառավարման մարմինների ներկայացուցիչներ, հյուրեր։

Գուրգեն Մարտիրոսյանը ողջունել է ներկաներին, ապա ընթերցել երդման տեքստը․ «Ստանձնելով Գավառ համայնքի ղեկավարի պաշտոնը` երդվում եմ՝ համայնքի ղեկավարի լիազորություններն իրականացնելիս պահպանել Հայաստանի Հանրապետության Սահմանադրությունը, օրենքները, համայնքի ավագանու որոշումները, ազնվորեն եւ բարեխղճորեն կատարել համայնքի ղեկավարի լիազորությունները, ծառայել համայնքի բարգավաճմանը, գործել ի բարօրություն նրա բնակիչների: Պարտավորվում եմ պաշտպանել համայնքի իրավունքները, օրինական շահերը եւ սեփականությունը, ուժերիս անմնացորդ նվիրումով սատարել ժողովրդի հավատին, նպաստել նրա նյութական եւ հոգևոր վերելքին»։

Երդման տեքստի ընթերցումից հետո հնչել է Հայաստանի Հանրապետության օրհներգը։ Գուրգեն Մարտիրոսյանը ստորագրել է երդման տեքստի տակ, որն ի պահ է հանձնվել համայնքապետարանի աշխատակազմին։

Ողջույնի խոսքով հանդես է եկել Գեղարքունյաց թեմի առաջնորդական տեղապահ Տեր Պարթեւ վարդապետ Բարսեղյանը։ Շնորհավորելով եւ բեղմնավոր աշխատանք մաղթելով համայնքի նորընտիր ղեկավարին՝ թեմի առաջնորդական տեղապահը կարեւորել է Գուրգեն Մարտիրոսյանի կողմից Գավառ համայնքի ղեկավարի պաշտոնում իրականացրած 16 տարիների աշխատանքը, ձեռքբերումները եւ այդ ամենի արդյունքում բնակիչների կողմից վստահության լուրջ եւ ծանրակշիռ քվե ստանալու փաստը, միաժամանակ հույս է հայտնել, որ այսուհետ էլ Գավառ խոշորացված համայնքն իր միասնականությամբ եւ արդյունավետ, տեսանելի գործունեության շնորհիվ կարող է գրանցել լուրջ հաջողություններ։

Այնուհետ Գավառ համայնքի ամենատարեց բնակիչ Օնիկ Դանոյանը շնորհավորեց Գուրգեն Մարտիրոսյանին եւ հույս հայտնեց, որ ավագանին եւ համայնքի աշխատակազմը կանեն հնարավորը ընտրողների սպասելիքները արդարացնելու համար։

Երդմնակալության արարողությունն ավարտվեց Գավառի տարածաշրջանների արվեստի եւ երաժշտական դպրոցների սաների ուժերով տրված երաժշտական կատարումներով։

Խոսրով Խլղաթյան

Տեսանյութեր

Լրահոս