Հայ-թուրքական հարաբերությունները և «Նոր ՆԱՏՕ»-ն
Թուրքական մերձիշխանական կայքի վերլուծաբան Բեքիր Հազարն իր սունյակում գրել է, որ ՆԱՏՕ-ն արդեն մեռած է, իսկ ապագայում կվերածնվի «Նոր ՆԱՏՕ»: Հոդվածի հեղինակն ընդգծել է, որ Թուրքիան իր երկարաժամկետ ծրագրերով ներդրումներ է անում ապագայի մեջ և կարևոր քայլեր անում «Նոր ՆԱՏՕ»-ում «խոսք ասելու» իրավունք (գերակա դիրք:- խմբ.) ունենալու համար: Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը։
Այս համատեքստում հոդվածագիրը հետևյալ դիտարկումն է անում. «Պարզ է, որ Երևանի հետ հարաբերությունների կարգավորման Անկարայի քայլերը խոշոր ներդրում են լինելու տարածաշրջանում մնայուն խաղաղության և կայունության ապահովման համար: Սակայն ամենակարևոր արդյունքը Մետաքսի ճանապարհին ռուս-իրանական աքցանից կախված Հայաստանին հանելը և Թուրքիայի գլխավորած տարածաշրջանային առանցքին մոտեցնելը կլինի: Այսպիսով Մետաքսի ճանապարհին և Վաշինգտոն-Անկարա-Մոսկվա առանցքի «բարդ թնջուկներից» մեկը կարծեք թե կլուծվիի՝ հօգուտ Թուրքիայի: Դրանով կհաղթահարվի ևս մեկ խոչընդոտ, որը գտնվում է Մետաքսի ճանապարհը վերահսկող Նոր ՆԱՏՕ-ի գոտու ճանապարհին, որտեղ գլխավոր դերում կլինի հենց Թուրքիան»:
Հեղինակի պնդմամբ՝ սա Թուրքիային ևս մեկ օգուտ կբերի: Այն է՝ ԱՄՆ-ում կնվազի հայկական լոբբիի հակաթուրքական գործունեությունը, անգամ միջնաժամկետ պլանում հնարավոր է համարվում Անկարայի և հայկական Սփյուռքի համագործակցությունը:
Ըստ հեղինակի՝ Թուրքիան իր ազդեցությունը կընդլայնի Եվրասիայում, Կովկասում, Մետաքսի ճանապարհին, Մերձավոր Արևելքում և Աֆրիկայում ու կդառնա անկասելի կդառնա, երբ, հաղթելով «տնտեսական ազատագրական պատերազմը», ամբողջովին հայտարարի անկախության մասին: