Բաժիններ՝

Մեքենան կայանելու տեղը խնդիր է դարձել երևանցիների համար. Միքայել Մանրիկյան

Երեկ՝ դեկտեմբերի 22-ին, Երևանի ավագանին 44 կողմ, 10 դեմ ձայնով քաղաքապետ ընտրեց Հրաչյա Սարգսյանին, ով մինչ այդ զբաղեցնում էր փոխքաղաքապետի պաշտոնը: 3 քվեաթերթիկ անվավեր էր ճանաչվել:

ԲՀԿ խմբակցության ղեկավար Միքայել Մանրիկյանից հետաքրքրվեցինք, թե նոր քաղաքապետից ի՞նչ ակնկալիք ունեն, ո՞ր հարցերն էին, որ բարձրաձայնել են, ու Հայկ Մարությանի ժամանակ լուծում չեն ստացել, նա պատասխանեց.

«Առաջինը ներդրումային ծրագրերի ապահովումն է, ճիշտ բանակցություններ վարելը, որպեսզի Երևանում կատարվեն մեծ ներդրումային ծրագրեր, որոնք հավելյալ եկամուտների հոսք կապահովեն դեպի Երևանի բյուջե: Պետք է լուծվի նաև վթարային շենքերի հարցը: Խմբակցությունը բազմիցս բարձրաձայնել է սրա մասին, սակայն լուծում չի ստացել: Կարծում եմ՝ 4-րդ կարգի վթարային շենքերը վտանգում են մեր հայրենակիցների կյանքը, հետևաբար՝ հրատապ լուծում է հարկավոր: Կանաչապատման ոլորտի հետ կապված ևս շոշափելի և տեսանելի լուծումների անհրաժեշտություն եմ տեսնում: Կարևոր խնդիրներից է աղբի վերամշակման գործարան ունենալու հարցը: Եվ դա նաև մեր օրակարգում է լինելու»,- 168.am-ի հետ զրույցում ասաց Միքայել Մանրիկյանը:

ԲՀԿ խմբակցության ղեկավարը կարևորեց նաև ավտոկայանատեղիների ստեղծման հարցը:

«Ավտոմեքենաների քանակն օր օրի ավելանում է, և ինչպես տեսնում ենք՝ մեքենան կայանելու տեղը խնդիր է դարձել երևանցիների համար: Հրատապ է նաև էստակադաների կառուցումը, մասնավորապես՝ Երևանի կրկեսի և «Հայրենիք» կինոթատրոնի մոտ: Սա կթեթևացնի մեքենաների հոսքը և կթույլատրի հանել ծանրաբեռնվածությունը Երևանի կենտրոնական հատվածներից: Երևանի ենթակայության ներքո գտնվող բուժհաստատությունների արդիականացում ևս անհրաժեշտ է. պետք է զինել նոր տեխնոլոգիաներով, անել կադրային փոփոխություն,  համալրել փորձառու և առաջատար մասնագետներով, որովհետև առողջապահությունը դիտարկվում է նաև բիզնես և կարող է հավելյալ մեծ եկամուտներ ապահովել Երևանի բյուջեի համար»,- նշեց Միքայել Մանրիկյանը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս