Գինեկոլոգ, Երևանի ավագանու հողօգտագործման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Նուարդի հետ քաղաքապետն ի՞նչ խոսեր. Քաղաքաշինության դոկտոր
Երևանի ավագանին այսօր՝ դեկտեմբերի 22-ին, արտահերթ նիստ էր հրավիրել, որի օրակարգում միայն մեկ հարց էր՝ «Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանին անվստահություն հայտնելու մասին» Երևան քաղաքի ավագանու որոշման նախագիծը: Նախագծով առաջարկվում է Երևանի քաղաքապետ ընտրել փոխքաղաքապետ Հրաչյա Սարգսյանին:
Վերջինը քաղաքապետ ընտրվեց 44 կողմ, դեմ՝ 10 ձայների հարաբերակցությամբ:
«Փարիզ էսթ» համալսարանի քաղաքաշինության դոկտոր Մարիամ Խաչատրյանի խոսքով՝ եթե շարունակեն բոլոր ներդրումները չմերժել, շինարարությանը զարկ տալ դեռևս հեղափոխությունից առաջ եղած մեթոդներով, ապա սա լավ բանի չի հանգեցնի:
Նա նշեց՝ կանաչապատմանը քիչ են ուշադրություն դարձնում ու քիչ տարածք է հատկացվում:
«Շատ որոշումներ եղել են մինչև 2018 թվականը, ու իրենք պարզապես իրականացնում են: Շատ որոշումներ իրենք վերահաստատել են: Այսինքն, եթե 10 տարի առաջ 18 հարկանի շենքի թույլտվություն են ստացել, հիմա նոր տեսնում եք դա: Որոշումը հին է: «Քաղաքացիական պայմանագիրը» որոշումները չեղյալ չհամարեց, ու շատ քիչ որոշումների դեպքում կարողացան 2 հարկ իջեցնել: Կենտրոնում եղել է՝ 20 հարկը դարձրել են 17, 16 հարկ: Եվ այդ որոշումները մինչև չնայեն ու չվերանայեն՝ շենքերն այդպես աճելու են: «Երևաննախագիծ»-ը թող լուծարվի, քաղաքաշինական լուրջ կազմակերպություն լինի, որ խնդիրները նայի, որպեսզի նախքան հողի հատկացումն ասի՝ գիտես, կառուցապատող ջան, ես այստեղով պետք է ճանապարհ անցկացնեմ: Օրինակ, Երևանի ավագանու քաղաքաշինության և հողօգտագործման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ, «Իմ քայլը» խմբակցության անդամ, գինեկոլոգ Նուարդ Վարդանյանն ի՞նչ գիտի այս ամենի մասին: Ի՞նչ գիտի այդ աղջիկը: Այսինքն, գինեկոլոգ, Երևանի ավագանու հողօգտագործման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Նուարդի հետ քաղաքապետն ի՞նչ խոսեր»,- մեզ հետ զրույցում ասաց Մարիամ Խաչատրյանը:
Քաղաքաշինության դոկտորը ընդգծեց, որ եթե ամեն տարի մի գործ էր անում Հայկ Մարությանը, թող աներ:
«Ավագանու անդամներից մեկն ասաց, որ Հայկ Մարությանը խնդիր է դրել ամեն տարի կամ 2 տարին մեկ որևէ խնդիր իսպառ լուծել: Դա էլ վատ չէ: Եթե որոշել էր 1.5 տարում իսպառ վերելակների հարցը լուծել՝ թող լուծեր: Կանաչապատումն էլ թող լիներ 10-20 տոկոս: Տրանսպորտի հարցը լուծելուց հետո կանցներ այլ խնդրի, ու արդյունքն էլ կերևար: Ասում են՝ քաղաքապետի և ավագանու անդամների միջև կապը խզված է եղել: Հայկ Մարությանն ինժեներ էր, ավելի շատ էր հասկանում այդ խնդիրներից, քան գինեկոլոգը: Հիմա գնար լեզվաբանի, երգչի կամ գինեկոլոգի հետ ի՞նչ խոսեր: Կապ չէր կարող լինել, որ մի հատ էլ խզվեր»,- հավելեց Մարիամ Խաչատրյանը: