«Ալեն Սիմոնյանն ի՞նչ կապ ունի, եթե ՀՀ ԱԺ նախագահը պետք է էշով ման չգա». Խաչատուր Սուքիասյան

ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Խաչատուր  Սուքիասյանն այսօր խորհրդարանում լրագրողների հետ զրույցում անդրադարձավ Երևանի արդեն նախկին քաղաքապետ Հայկ Մարությանի՝ Երևանի ավագանու նիստում արած հայտարարությանը, որտեղ նա քննադատել էր ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանին՝ 200 հազար դոլարանոց ծառայողական մեքենա գնելու համար։

«Ալեն Սիմոնյանն ի՞նչ կապ ունի, եթե ՀՀ ԱԺ նախագահը պետք է էշով ման չգա կամ չգիտեմ՝ ինչով ման չգա։ Իհարկե, պետք է ինչ-որ աստիճանով ու որակով մեքենայով ման գա։ Ես ամբողջական չեմ հետաքրքրվել, բայց ասել են, որ դա ինչ-որ բրոնի մեքենա է եղել, ավելի թանկ ծախսերով։ Եթե չգիտեք՝ ես ձեզ ասեմ, օրինակ, կան մեքենաներ, որոնք մի քանի հազար դոլար ավելի էժան լինեն, բայց իրենց սպասարկման ծախսն ավելի թանկ է։ Ես համարում եմ, որ դա շատ վատ ելույթ է եղել, որովհետև Երևանը հազարավոր խնդիրներ ունի, մենք բոլորս քույր և եղբայրներ ենք, սիրում ենք մեր երկիրը, մայրաքաղաքը։ Հիմա ՀՀ-ում շենքերի մեծ բանակ ունենք, որոնց ժամկետը մոտենում է ավարտին։ Ինձ դուր չի գալիս այս զրույցը, ինքներդ գնացեք՝ ամբողջ աղբահանության համակարգն ուսումնասիրեք, նախկինի հետ համեմատեք ու տեսեք, թե քանի հարյուր միլիոն դրամներով ավելի ծախս է արվում։ Եթե մեկն աշխատել է քաղաքի ղեկավար ու արդյունավետության գիտակցություն չունի, մեկին ասում է, թե մեքենա է ձեռք բերում, իսկ ինքը միլիոներով ավելի ծախս է անում»,- նշեց Խաչատուր Սուքիասյանը։

Անդրադառնալով ԱԺ նախագահի՝ պատգամավորներին և ԱԺ աշխատակազմին պարգևատրելու վերաբերյալ որոշմանը, Խաչատուր Սուքիասյանն ասաց, որ դրանից տեղյակ չէ։

Ըստ նրա, երբ առաջին անգամ եկել է ԱԺ ու իմացել է պարգևավճարների մասին և իմանալով դրա չափը, հատուկ ավտոմատ ռեժիմ է ստեղծել և փոխանցել է հիմնադրամի, որի անունը չի ուզում ասել։

«Մոռացեք այդ աշխատավարձերի մասին, ինձ համար ցավալի է, որ մեր պատգամավորներն այդքան քիչ աշխատավարձ են ստանում։ Քիչ աշխատավարձով մենք չենք կարող լավագույն կադրերին պահել Հայաստանում, մարդիկ կհեռանան։ Հիմա ես չգիտեմ, թե ինչքանն են մնում, ու ինչքան՝ գնում, բայց շուկան կարգավորվում է։ Հիմա մենք շատ պետք է բարձրացնենք աշխատավարձը, որ մարդիկ մնան, պետական մարմիններ գան, այդ թվում՝ ԱԺ-ում»,- շեշտեց նա։

Տեսանյութեր

Լրահոս