44 կողմ, 10 դեմ ձայների հարաբերակցությամբ Հրաչյա Սարգսյանն ընտրվեց քաղաքապետ

Երեւանի ավագանին այսօր՝  դեկտեմբերի 22-ին, արտահերթ նիստ էր հրավիրել, որի օրակարգում միայն մեկ հարց էր՝ «Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանին անվստահություն հայտնելու մասին» Երևան քաղաքի ավագանու որոշման նախագիծը: Նախագծով առաջարկվում է Երևանի քաղաքապետ ընտրել փոխքաղաքապետ Հրաչյա Սարգսյանին:

Հաշվիչ հանձնաժողովի անդամ Անի Խաչատրյանը տեղեկացրեց, որ քվեաթերթիկին գրված է՝ Հրաչյա Սարգսյան՝ կողմ և դեմ:

Քվեարկությունը տևեց կես ժամ, որից հետո հրապարակեցին արդյունքները:

«Իմ քայլ»-ի ավագանու անդամ Մարատ Թոխյանը հայտարարեց, որ ժամանակավոր հաշվիչ հանձնաժողովը, հիմք ընդունելով քվեարկության արդյունքները՝ արձանագրել է, որ քվեարկությանը մասնակցել է 57 հոգի:

Անվավեր ճանաչված քվեաթերթիկների թիվը երեքն է, կողմ է քվեարկել 44-ը, դեմ՝ 10–ը:

Այսպիսով՝ Հրաչյա Սարգսյանն ընտրվեց քաղաքապետ:

Հրաչյա Սարգսյանը շնորհակալություն հայտնեց Հայկ Մարությանին՝ համատեղ աշխատանք իրականացնելու համար՝ ասելով, թե սկսել են տարբեր բարեփոխումներ՝ տարբեր ոլորտներում:

«Այն բարեփոխումները, որ սկսել ենք և ընթացքի մեջ են՝ շարունակելու ենք, գրանցելու ենք նորանոր հաջողություններ՝, որպեսզի կարողանանք Երևանի բնակիչներին ապահովել պատշաճ միջավայր՝ բնակվելու համար: Շնորհակալություն՝ ինձ վստահություն հայտնելու համար: Կարծում եմ՝ այս երկու տարիների ընթացքում հնարավորություն կունենամ իրագործելու այն բոլոր ծրագրերը, որոնք ներառել ենք քաղաքական ծրագրում»,- խոսքում նշեց Հրաչյա Սարգսյանը:

Մեր տեղեկություններով, շաբաթ օր կլինի Հրաչյա Սարգսանի երդման արարողությունը:

Տեսանյութեր

Լրահոս