«Չեմ կարող հավատալ, որ որևէ սթափ մարդ արդարացում կգտնի իշխանության եկածների վարքի հանդեպ». Կարո Վարդանյան
Եղիշե Չարենցի անվան գրականության և արվեստի թանգարանի նախկին տնօրեն, գրող, գրականագետ Կարո Վարդանյանի խոսքով՝ 3,5 տարի է՝ քիչ թե շատ սթափ հայը «գլուխ է կոտրում»՝ հասկանալու համար, թե ինչո՞ւ այս աղետը եկավ Հայաստանի գլխին։
«Երևի թե մեր զգայարանները շատ էինք թուլացրել, բոլորիս մեղքն այստեղ կա։ Այստեղ ամենից առաջ մտավորականության մեղքը կա։ Նախկին ռեժիմները մտավորականներին սովորեցրեցին մշտապես իշխողների ձեռքին նայել, առավել ճարպիկները, կենսունակներն իրենց ջանքն ու ձիրքն օգտագործեցին պալատում կամ պալատի մերձակայքում հայտնվել։ Մենք բոլորս էլ լավ ենք հիշում, որ երբ եկավ այս՝ իշխանություն ասեմ, իշխանությունը պատանդ վերցնողներ ասեմ, շատերը ձգտեցին նոր պալատում հայտնվել, բայց երբ հասկացան, որ սրանց պալատ չի լինի, որպեսզի իրենք էլ դառնան պալատական՝ մեկուսացան։ Կարծում եմ՝ իրենց հատկապես վատ դրսևորեցին մտավորականության այն շրջանակները, որոնք սկսեցին ակամա կամ միտումնավոր այս նոր ուժերի ջրաղացին ջուր լցնել։ Դա շատ սարսափելի էր, գոնե մյուսների նման իներտ մնային, որովհետև այդ անգիտակից մասսան թևավորվում է այդ տեսակ մտավորականների դիրքորոշումից։ Եթե նկատել եք, մինչև այսօր էլ լինում են հրապարակումներ, և ես չեմ կարող հավատալ, որ որևէ մտավորական, որևէ սթափ մարդ, արդարացում կգտնի իշխանության եկածների վարքի հանդեպ»,- 168.am-ի հետ զրույցում ասաց Կարո Վարդանյանը։
Ըստ նրա, գոնե վերջին 3,5 տարիների ընթացքում շատ-շատերն են սթափվել, բայց, ափսոս, արտահայտվող չկա։
Կարո Վարդանյանը տեղեկացրեց, որ կա մտավորականների մեծ շրջանակ, որոնց միավորել է երկրի ցավն ու տագնապը, հաճախ են հանդիպում, փորձում վերլուծել իրավիճակը և, ցավոք, տեսնում են, որ գիտակից հատվածի մեջ կա այնպիսի մտայնություն, թե, օրինակ, ինչո՞ւ դառնան նահատակ։ Կարծում եմ, որ միևնույն է՝ ժողովուրդը ոչինչ չի հասկանում կամ չի ուզում հասկանալ, ինչը վատ դիրքորոշում է, հետևաբար՝ շատերն են մտածում, թե ինչու խոսեն ու դառնան նահատակ։
«Այդպես էլ միակամություն չձևավորվեց, եթե կան ընդվզման դրսևորումներ, ապա դրանք հատվածային են, որը, բնականաբար, որևէ արդյունք չի տալու։ Այս իրավիճակի, խնդրի լուծումը ժամանակի մեջ է, այսինքն՝ այնպիսի ողբալի իրավիճակի մեջ ենք, որովհետև մեր ժողովրդի հիմնական մասին միշտ էլ հետաքրքրում է ու մտահոգում առավելապես սոցիալական խնդիրները, իսկ կյանքը գնալով ավելի է դժվարանում։ Երբ վերջին անգիտակիցն էլ կսկսի գիտակցել և գուցե իրավիճակը փոխի ընտրությունների միջոցով և նայելով ժամկետները, վախենամ՝ շատ ուշ լինի»,- շեշտեց նա։
Ինչ վերաբերում է Արցախի 44-օրյա պատերազմին և Արցախի մեծ հատվածի կորստին, Կարո Վարդանյանն ասաց, որ նույնիսկ ամենավատ երազում չէր էլ պատկերացնում, որ հայորդիների արյան գնով ազատագրված հայրենիքի մի հատվածը կկորցնեն։
«Հավատացեք, այսօր էլ ես դժվարանում եմ հավատալ, որ սա տեղի ունեցավ մեզ հետ և դեռ շարունակվում է։ Մենք մինչև վերջ չենք արել այն, ինչ պարտավոր էինք անել, հարցը վերջնական լուծում չունեցավ այն պարագայում, երբ բոլոր նախապայմանները ստեղծվել էին, ազատագրական պայքարը փառքով էր պսակվել։ Այդ ամենը չամրապնդվեց քաղաքական ու դիվանագիտական ճանապարհով, դավադրությունները շատ էին և՛ դրսում, և՛ հատկապես ներսում, և այդ ընթացքում հող նախապատրաստվեց այս աղետի համար»,- հավելեց մեր զրուցակիցը։
Ինչ վերաբերում է մշակույթին, ապա Կարո Վարդանյանն այդ ոլորտում տիրող իրավիճակը բնորոշեց՝ աննախանձելի։
«Մշակույթի ոլորտում տեղի ունեցող գործընթացները շատ հեռու են՝ համեմատելու մեր մշակութային ժառանգության հետ, դրանք համարժեք չեն ու շատ հեռու են իրարից։ Մի անտեսանելի, գուցե նաև տեսանելի ու շոշափելի պատերազմ է հայտարարված, բնականաբար, մեր մշակույթի հանդեպ։ Այս ամենը պատահական չի արվում, պարզապես մեր հայրենիքի ունեցած աղետը միանգամից մոռացության տվեց դրանից ամիսներ առաջ այն բուռն քննարկումները, որոնք տեղի էին ունենում կրթական չափորոշիչների վերաբերյալ։ Ինչեր արվեցին հատկապես հայագիտության դեմ, լեզվի, գրականության, պատմության դեմ, այսինքն՝ ամեն ազգայինը բթացնել ու բթացնել հենց մտավորականության որոշակի հատվածի ձեռքով։
Եթե հիշենք այդ քննարկումները, ապա գրականության չափորոշիչների վերաբերյալ աղետը փորձում էին հիմնավորել, ցավոք, հենց բանասիրության դաշտից ինչ-որ ներկայացուցիչներ, սա ախր պատահական չէր։ Սերնդին դարձնել մանկուրտ, օտարամոլ, սեփական արժեքները ծաղրող։ Այս ամենը շատերը գիտակցում են, բայց ձայն չեն հանում, որովհետև ամեն մեկն ինչ-որ օրահացի խնդիր է լուծում։ Չեմ ուզում կարևորել իմ անձը, բայց երբ Գրականության թանգարանում շարունակ տարփողում եմ ազգայինը, շարունակ բողոքի ալիք կամ այնպիսի ահազանգ էր գալիս, թե՝ ինչու եք այդպես անում։ Ես պարզապես գռեհիկ հաշվեհարդարի ենթարկվեցի, ինձ իմ պաշտոնից ցինիկ ձևով ազատեցին, իմ նման՝ նաև ոմանց, օրինակները շատ են։ Այսինքն՝ այս ամենի միտումը»,- ընդգծեց Կարո Վարդանյանը։