Իրանը, ՌԴ-ն և Թուրքիան որոշել են երկրների ղեկավարների՝ Սիրիային նվիրված հանդիպում անցկացնել 2022 թվականի սկզբին

Իրանից, ՌԴ-ից եւ Թուրքիայից պատվիրակությունները Սիրիային նվիրված բանակցությունների հերթական փուլի ընթացքում պայմանավորվել են հաջորդ տարվա սկզբին երկրների ղեկավարների «Աստանայի ձեւաչափով» հանդիպում անցկացնել Թեհրանում: Այդ մասին հաղորդել է Իրանի ԱԳ նախարարությունը:

«Որոշում է ընդունվել պետությունների ղեկավարների մասնակցությամբ «Աստանայի ձեւաչափով» գագաթնաժողով անցկացնել Թեհրանում քրիստոնեական օրացույցով հաջորդ տարվա սկզբին»,-ասվում է Իրանի ԱԳ նախարարության կայքում դեկտեմբերի 21-ին հրապարակված հաղորդագրության մեջ: Փաստաթղթի համաձայն, այս գագաթնաժողովից առաջ հանդիպում կանցկացվի ԱԳ նախարարությունների ղեկավարների մակարդակով:

Նախօրյակին Սիրիային նվիրված բանակցությունների 17-րդ փուլը մեկնարկել է Ղազախստանի մայրաքաղաք Նուր Սուլթանում: Հանդիպման ժամանակ Ռուսաստանի պատվիրակությունը գլխավորում է Սիրիայի հարցով ՌԴ նախագահի հատուկ ներկայացուցիչ Ալեքսանդր Լավրենտեւը, Թուրքիայի պատվիրակությունը՝ ԱԳՆ-ի երկկողմ քաղաքական հարաբերությունների գլխավոր տնօրեն Սելչուկ Ունալը, Իրանինը՝ ԱԳՆ-ի ղեկավարի ավագ խորհրդական Ալի Ասղար Հաջին: Սիրիայի Արաբական Հանրապետության պատվիրակությունն իր հերթին գլխավորում է Սիրիայի արտաքին գործերի փոխնախարար Այման Սուսանը: Խորհրդաժողովն սկսվել է ՌԴ-ի եւ Սիրիայի կառավարության պատվիրակությունների հանդիպումից:

Սիրիայի իրադրության կարգավորման շուրջ բանակցությունների այս փուլն անցկացվում է դեկտեմբերի 21-22-ին: Սպասվում է, որ մասնակիցները կքննարկեն Սիրիայի ներկայիս իրադրությունը, ապաէսկալացման գոտիներում հանգստության պահպանման խնդիրները, կքննարկեն Ժնեւում Սիրիայի Սահմանադրական կոմիտեի աշխատանքի հեռանկարները, հաղորդել է «Ինտերֆաքս»-ը:

Տեսանյութեր

Լրահոս