Դուք ավելի շատ Երևա՞նն եք սիրում, թե՞ ՔՊ-ն. այս հարցը կտաք ձեզ քվեախցիկում. Գրիգոր Երիցյան

«Այսօր վերջին անգամ է, որ կկարողանամ այս ամբիոնից դիմել ձեզ. անձնապես շատ եմ ցավում, որ այսօր այս դահլիճում իմ նախկին  գործընկերների մի մասը համաձայնել են դառնալ այս խայտառակ, անարդար և հակաժողովրդավարական գործընթացի մի մասը, որն ինչ փաթեթավորմամբ էլ փորձեցին ներկայացնել, ոչ մի առումով չի բխում Երևանի շահերից, նաև ձեր շահերից չի բխում, հարգելի գործընկերներ»,- այսօր՝ դեկտեմբերի 22-ին, Երևանի ավագանու արտահերթ նիստի ժամանակ խոսելով քաղաքապետ Հայկ Մարությանին անվստահություն հայտնելու «Իմ քայլը» խմբակցության նախագծի մասին՝ ասաց ավագանու անդամ Գրիգոր Երիցյանը, ով հայտարարել է մանդատը վայր դնելու մասին:

Նա նշեց՝ այս գործընթացը նպատակ ունի ամեն գնով ազատվել այն մարդկանից, ովքեր չեն կիսում իշխող կուսակցության դիրքորոշումը:

«Երեք տարի առաջ, երբ միացա հեղափոխական դաշինքին, երբեք իմ մտքով չէր անցնի, որ իմ գործընկերների կողմից իմ առաջ խնդիր է դրվելու, որ եթե չես քվեարկում իր դեմ, ուրեմն պետք է գնաս: Կամ մանդատն ես վայր դնում, կամ սառեցնում ենք քո բոլոր ծրագրերը, ռեֆորմները:

Սա իմ մտքով ուղղակի անցնել չէր կարող: Ես միացել էի մի թիմի, որը պայքարում էր կուսակցականության դեմ, հանուն արդարության, որը ժողովրդին խոստանում էր, որ ցանկացած որոշման կայացման դեպքում լսելու է ժողովրդի ձայնը: Այսօր ընդհակառակը, այս դահլիճում շատ շուտով օրենքի տառին համապատասխան կամրագրվի այդ անարդարությունը, քաղաքացու ձայնը կարհամարհվի և կամրապնդվի կուսակցապետությունը, որի դեմ մենք պայքարել ենք: Իսկ ո՞ւր մնաց ժողովրդի ձայնը, որին այսքան հղում ենք կատարում: Դուք այսօր թքած ունեք ժողովրդի, հանրային տրամադրությունների վրա, որոնք ընտրել են «Իմ քայլը» դաշինքին: Մենք մսխում ենք հեղափոխության տված պատմական հնարավորությունը և վերջին մեխն ենք խփում այդ հեղափոխության վրա»,- ասաց Գրիգորի Երիցյանը:

Տեսանյութեր

Լրահոս