Առանց ավագանու չի կարող լինել քաղաքապետ. նրա ու ավագանու ջրերը մի առվով չեն հոսում. Մարատ Թոխյան
Երևանի ավագանու «Իմ քայլը» խմբակցության անդամ Մարատ Թոխյանն արտահերթ նիստի ժամանակ խոսքն ուղղեց Երևանի բնակիչներին՝ փորձելով բացատրել քայլերի տրամաբանությունը:
«Լինելով ավագանու իրավական հանձնաժողովի նախագահ՝ կցանկանամ սկզբից այս գործընթացի իրավական կողմի բացատրությունը տալ: Ժողովրդի մոտ թյուր կարծիք է ստեղծված, որ քաղաքապետն է միանձնյա ղեկավարում քաղաքը, բայց դա բնավ այդպես չէ: 50+ ստացած քաղաքական ուժի առաջին համարը օրենքով ավտոմատ դառնում է քաղաքապետ, բայց նույն օրենքը նաև լիազորում է այդ ավագանուն՝ վերահսկել, գնահատել քաղաքապետի աշխատանքը և անհրաժեշտության դեպքում անվստահություն հայտնել: Շատ կարևոր է, որ քաղաքապետի և ավագանու միջև հարաբերությունները լինեն գործնական, մի առվով հոսեն, սակայն այսօր դա գոյություն չունի: Եթե ավագանին չի գալիս նիստերի՝ դա ահազանգ է. ինչո՞ւ չի գալիս»,- ասաց Մարատ Թոխյանը:
«Իմ քայլը» խմբակցության քարտուղար Լևոն Հովհաննիսյանն էլ նշեց, որ այս երեք տարվա ընթացքում Երևանի եկամուտներն աճել են մոտ 12 մլրդ դրամով, դրանք հիմնականում աճել են գույքային մուտքերի աճով պայմանավորված:
«Բոլորդ էլ գիտեք, որ Հայաստանում մեքենաների ներկրման բում է տեղի ունեցել, գրեթե կրկնապատկվել է մեքենաների քանակը այս տարիներին, մանավանդ 2019-ին ու 2020-ի սկզբին: Նույնը կարող եմ ասել անշարժ գույքից եկող եկամուտների մասին, և այդ աճը շարունակական է լինելու: Եթե հանում ենք այդ երկու գործոնները, որոնք քաղաքապետարանի աշխատանքով չի պայմանավորված, ապա կտեսնենք, որ տակը մնում է մոտ 2 մլրդ դրամի աճ: Այստեղ էլ եթե մանրանանք, կհասկանանք, որ աճը տեղի է ունեցել գույքի կադաստրային արժեքի բարձրացման արդյունքում, հարց կառաջանա, բա քաղաքապետարանն ի՞նչ ինստիտուցիոնալ փոփոխություններ արեց, որ սեփական եկամուտներն աճեցին։ Այսինքն, գործընթացի ամենամեծ բաժինը կապ չունի մեր գործառույթների հետ։ Եկամուտների հավաքագրման մասով որևէ ինստիտուցիոնալ փոփոխություն չի արվել»,- ասաց խմբակցության քարտուղարը։
Լևոն Հովսեփյանը հայտնեց, որ 2019թ.-ից արդեն Երևանի գործադիր իշխանության հետ ավագանու աշխատանքը չէր ստացվում. «Հասկանալով, որ այս ձևաչափով ուղղակի անհնար է շարունակել առաջ, մենք կանգնել ենք այս ընտրության առջև: Սա բխում է և երևանցու շահերից, և ավագանու շահերից, և պարոն Մարությանի շահերից»,- ասաց նա: