Հայկ Մարության անձի հանդեպ որևէ հակակրանք չկա․ Արմեն Գալջյան
Ավագանին քննարկում է քաղաքապետ Հայկ Մարությանին անվստահություն հայտնելու հարցը:
Քաղաքապետ Հայկ Մարությանը տեղեկացրեց, որ «Իմ քայլից» Գայանե Վարդանյանը և Գրիգոր Երիցյանը դիմում են ներկայացրել ավագանու անդամի իրենց լիազորությունները դադարեցնելու մասին։
Քվեարկությունն անցկացվելու է գաղտնի։ Ավագանու ամեն անդամ ունի մեկ ձայնի իրավունք։
Նախաձեռնության ներկայացուցիչ, Երևանի ավագանու «Իմ քայլը» խմբակցություն ղեկավար Արմեն Գալջյանը Հայկ Մարությանին շնորհակալություն հայտնեց աշխատանքի համար։
«Անշուշտ, մի փոքր ծանր իրավիճակ է, այս որոշմանը ծանր ենք հանգել, բայց կարծում եմ՝ ստեղծված իրավիճակում անհրաժեշտ է, ճգնաժամ էր առաջացել ավագանու և քաղաքապետի ինստիտուտների միջև։ Հայկ Մարության անձի հանդեպ որևէ հակակրանք չկա»,– ասաց նա։
Հավելենք, որ դեկտեմբերի 20-ին Երևանի ավագանու «Իմ քայլը» խմբակցությունը հաղորդագրություն էր տարածել՝ հայտնելով, որ չի մասնակցի դեկտեմբերի 21-ին կայանալիք ավագանու հերթական նիստին։ «Հարգելի երևանցիներ, հաշվի առնելով Երևանի ավագանու և Երևանի քաղաքապետի միջև առկա քաղաքական ճգնաժամը՝ Երևանի ավագանու «Իմ քայլը» խմբակցությունը չի մասնակցի դեկտեմբերի 21-ի ժամը 11:00-ին կայանալիք ավագանու հերթական նիստին:
Միևնույն ժամանակ հաշվի առնելով, որ նիստի օրակարգում ընդգրկված են այնպիսի կարևոր հարցեր, ինչպիսիք են՝ Երևան քաղաքի 2022 թվականի բյուջեի, զարգացման ծրագրի և մի շարք այլ կարևոր նախագծեր, այդ կապակցությամբ ցանկանում ենք տեղեկացնել, որ դեկտեմբերի 22-ին՝ նոր քաղաքապետի ընտրությունից հետո՝ մինչև տարեվերջ, կհրավիրվի ավագանու արտահերթ նիստ, որտեղ կքննարկվեն և կընդունվեն վերոնշյալ նախագծերը»,- ասված է Երևանի ավագանու «Իմ քայլը» խմբակցության ֆեյսբուքյան էջում։