Պուտինն ու Շոլցը քննարկել են անվտանգության երաշխիքների վերաբերյալ ռուսական առաջարկները
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Գերմանիայի Դաշնային Հանրապետության կանցլեր Օլաֆ Շոլցին տեղեկացրել է անվտանգության երաշխիքների վերաբերյալ ՌԴ առաջարկների մասին՝ բացառելով ՆԱՏՕ-ի հետագա առաջխաղացումը դեպի արևելք։ Այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն՝ հղում անելով Կրեմլի մամուլի ծառայությանը։
«Վլադիմիր Պուտինը տեղեկացրել է երկարաժամկետ, օրինականորեն ամրագրված անվտանգության երաշխիքների ռուսական առաջարկների մասին՝ բացառելով ՆԱՏՕ-ի ցանկացած հետագա առաջխաղացում դեպի արևելք, ինչպես նաև հարվածային զենքի համակարգերի տեղակայումը Ռուսաստանին հարակից երկրներում»,- ասվում է հաղորդագրության մեջ։
ՌԴ նախագահը մեկնաբանել է Ռուսաստանի և ԱՄՆ-ի միջև անվտանգության երաշխիքների մասին համաձայնագրերի նախագծերի բովանդակությունը, ինչպես նաև Ռուսաստանի և ՆԱՏՕ-ի անդամ երկրների անվտանգության միջոցառումների մասին համաձայնագրերը, որոնք փոխանցվել են արևմտյան գործընկերներին, այդ թվում` Գերմանիային։
«Պայմանավորվածություն է ձեռք բերվել հետագա շփումների ընթացքում շարունակել մտքերի փոխանակումը միջազգային և երկկողմ օրակարգի այլ թեմաների շուրջ»,- ասվում է Կրեմլի մամուլի ծառայության հաղորդագրությունում։