Հուսով եմ, որ մենք կվերադառնանք բանակցություններին. Արմեն Սարգսյանի հարցազրույցը Asia Times-ին
Այս տարվա հոկտեմբերին Հայաստանում էր Asia Times-ի լրագրող Քուրուշ Զիբարին, որը ծավալուն հարցազրույց է ունեցել Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանի հետ: Հանրապետության նախագահի բացառիկ հարցազրույցի առաջին հատվածը հրապարակվել է Asia Times-ի դեկտեմբերի 21-ի համարում:
լրագրողն իր նախաբանում նշել է. «Հայաստանի և Ադրբեջանի միջև լարվածությունը համաշխարհային լուրերի հիմնական թեման էր: Շատ լրագրողներ, ովքեր խոսում են երկու երկրների առաջնորդների հետ, սկսում են զրույցը սուր հարցերից այն մասին, թե ինչու Լեռնային Ղարաբաղի շուրջ հակամարտությունն այսքան երկար ձգվեց, և ինչ ապագա է սպասվում երկու հարևանների հարաբերություններին, որոնց հակասություններն անհաղթահարելի են թվում»:
Լրագրող Քուրուշ Զիբարին նշում է, որ Հայաստանը, լինելով աշխարհում առաջին երկիրը, որը մ.թ. 301 թվականին քրիստոնեությունը ընդունել է որպես պետական կրոն, հնագույն քաղաքակրթության բնօրրան է և իրեն հատկապես լավ է դրսևորել ժողովրդավարական հեղինակության ամրապնդման տեսանկյունից ու շոշափելի արդյունքներ գրանցել կոռուպցիայի դեմ պայքարում:
Հարցազրույցը թարգմանաբար ներկայացնում ենք ստորև.
Քուրուշ Զիբարի – Եթե պատմությունը ձեր կողմից է, ինչո՞ւ Հայաստանի կառավարությունը չի կարողացել ստանալ միջազգային հանրության և ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի աջակցությունը, որը Լեռնային Ղարաբաղը համարում է Ադրբեջանի տարածք, ինչպես ասվում է ՄԱԿ-ի ԱԽ 822, 853, 874 և 884 բանաձևերում:
Նախագահ Սարգսյան – Հետաքրքիր է, կարծում եմ՝ Դուք ոչ առաջինն եք, ոչ վերջինը, ով ցանկանում է միջազգային հարաբերությունները կառուցել պատմական արդարության հիման վրա: Սակայն իրական աշխարհում այդպես չի ստացվում: Ճիշտ չէ՞:
Քուրուշ Զիբարի – Իհարկե:
Նախագահ Սարգսյան – Կարծում եմ՝ պատմական արդարությունը բաղադրիչներից մեկն է, սակայն իրական աշխարհն իրական աշխարհ է: Իսկապես, եթե Դուք հնարավորություն ունենաք ճանապարհորդել Արցախի՝ Լեռնային Ղարաբաղի տարածքով, դա մի հիանալի ճանապարհորդություն կլինի, քանի որ Դուք կանցնեք մեր պատմության տարբեր ժամանակաշրջաններով: Այդ տարածքը մշտապես բնակեցված է եղել էթնիկ հայերով: Եթե հետ գնաք, կգտնեք հայկական եկեղեցիներ, որոնք գալիս են 4-5-րդ դարերից, և այդպես շարունակ…
Վերջերս պետական այցով Իտալիայում էի: Որպես այցի մաս՝ այցելեցի Բոլոնիայի համալսարան և շատ հետաքրքիր շրջայց ունեցա գրադարանում, որտեղ մեզ ցույց տվեցին այնտեղ պահվող հին հայկական որոշ ձեռագրեր: Շատ հետաքրքիր նյութ կար՝ 16-րդ դարի վերջի կամ 17-րդ դարի սկզբի քարտեզ, որում պատկերված էին հայկական մշակութային ու հոգևոր կենտրոնները: Նրանք, ովքեր հիմնադրել ու պատրաստել էին այն, հաստատված էին երկու վայրում՝ Երուսաղեմում և Կոստանդնուպոլսում: Քարտեզն ընդգրկում է ներկայիս Թուրքիան, ներկայիս Հայաստանը, մասնակի ընդգրկում է որոշ հատվածներ Իրանից՝ մինչև Սպահան և այլ վայրեր: Այն ընդգրկում է նաև Լեռնային Ղարաբաղը՝ այնտեղի հարյուրավոր հայկական միջնադարյան եկեղեցիներով ու մշակութային կենտրոններով: Այսքանը՝ պատմության մասին:
Երկրորդը, կարծում եմ, դժբախտաբար, պատմությունը շատ պարզ է: Այդ տարածքում շատ են եղել նվաճումներ, կռիվներ, հարաբերություններ Պարսկական կայսրության հետ, և այնտեղ կարող եք շատ մշակույթներ տեսնել: Սակայն եթե հետ գնաք 200 տարով, կտեսնեք, որ այդ տարածքը Ռուսական կայսրությունը խլել է Պարսկական կայսրությունից: Իսկ հետո Ստալինը, ով սահմանների «մեծ վարպետ էր», իսկ իրականում՝ պետությունների միջև խնդիրներ ստեղծելու վարպետ էր, այդ թվում՝ նաև Հայաստանի ու Ադրբեջանի միջև, Ղարաբաղն ու Նախիջևանը տվեց Ադրբեջանին, քանի որ Խորհրդային Միությունը ցանկանում էր օգնել ընդհանուր սահման ստեղծելու Ադրբեջանի և Թուրքիայի միջև, և որովհետև թուրք առաջնորդ Աթաթուրքը համարվում էր բոլշևիկյան Ռուսաստանի մեծ բարեկամը:
Սա պատմական արդարության մասին չէ, սա քաղաքական մանիպուլացիաների և հարաբերությունների ցանկության մասին է: Խորհրդային կառավարման ավելի քան 70 տարիների ընթացքում Արցախի՝ Լեռնային Ղարաբաղի բնակիչները երբեք չէին կարող երջանիկ ապրել Ադրբեջանի իշխանության ներքո՝ մի քանի պատճառով: Խորհրդային կայսրության ավարտին՝ 1985 թվականին, երբ Գորբաչովը ներկայացրեց փոփոխությունները, զգացմունքային հայ ժողովուրդը մասնավորապես Լեռնային Ղարաբաղում հավատաց Գորբաչովի հայտարարածին՝ խոսքի ազատություն, «պերեստրոյկա», վերակառուցում, և սկսեց շարժում Լեռնային Ղարաբաղի անկախության համար, ինչը Խորհրդային Ադրբեջանի կողմից Լեռնային Ղարաբաղում բնակվող էթնիկ հայերի դեմ ռազմական գործողությունների ու բռնության պատճառ դարձավ: Դրանք վերածվեցին լայնածավալ պատերազմի, որտեղ հայկական կողմը հաղթանակ տարավ: Հաջորդող 26 տարիների ընթացքում Ղարաբաղն ու հարակից շրջաններն Արցախի կամ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության վերահսկողության տակ էին՝ մինչև 2020 թվականի պատերազմը:
Անդրադառնալով հարցին, թե ինչո՞ւ միջազգային հանրությունը չարեց այս կամ այն. միջազգային հանրությունը ներգրավված էր, միջազգային հանրությունը որոշել էր, որ կազմակերպությունը, որը պատասխանատու է լինելու Լեռնային Ղարաբաղի ապագա կարգավիճակի համար, ԵԱՀԿ-ն է, այլ ոչ թե ՄԱԿ-ը կամ Եվրամիությունը: Եվ այդ կազմակերպությունը ստեղծեց հատուկ խումբ՝ Մինսկի խումբը, որի երեք համանախագահներն էին Միացյալ Նահանգները, Ֆրանսիան և Ռուսաստանը, որոնք ներկայացնում էին հետաքրքրված կողմերին՝ Միացյալ Նահանգները, որը գերտերությունն էր, Եվրամիությունը՝ ի դեմս Ֆրանսիայի, և Ռուսաստանը: Կողմերը բանակցում էին հնարավոր լուծման շուրջ՝ դրա բոլոր մանրամասներով:
Այսինքն, կար միջազգային կառույց, որը պատասխանատու էր, և ես հուսով եմ, որ մենք կվերադառնանք բանակցություններին ու ստիպված չենք լինի վերաստեղծել կամ ստեղծել նոր ձևաչափ կամ շրջանակ, քանի որ այն արդեն կա և ունի պատմություն:
Ցավոք, 2020 թվականի երկրորդ պատերազմը խաթարեց բանակցային գործընթացը, սակայն կարծում եմ՝ լավագույն լուծումը, որ կարող ենք այսօր ունենալ, նույն կազմակերպությանը ներգրավելն է:
Հիմա՝ ինչո՞ւ մենք հաղթեցինք առաջին պատերազմում, սակայն պարտվեցինք երկրորդում:
Խոսենք առաջին պատերազմի մասին: Ադրբեջանին այդ ժամանակ աջակցում էր Թուրքիան: Սակայն նախագահ Դեմիրելի, վարչապետ Թանսու Չիլերի և մյուսների ղեկավարած Թուրքիան այլ էր: Այլ էին նաև հայերն ու Ղարաբաղը: Ավելի պարզեցնելով՝ ասեմ, որ մենք ավելի առաջ էինք Ադրբեջանից: Առաջ էինք՝ բանակաշինության հարցում, մոտիվացիայի, պատերազմի, կարգապահության ու գիտության մեջ: Կային գեներալներ, գնդապետներ, կապիտաններ կամ զինվորներ, ովքեր ծառայում էին խորհրդային բանակում և ունեին Աֆղանստանի պատերազմի փորձը։ Փորձառու զինվորները գալիս էին կամավոր բանակ, ֆիդայիների բանակ կամ՝ կարելի է ասել, որ կամավորները ստեղծում էին բանակ: Մենք մի քիչ ավելի արագ էինք, քան Ադրբեջանը։
Ցավոք, վերջին 26 տարիների ընթացքում մենք չկարողացանք հաղթանակը վերածել կայուն խաղաղության:
Ինչու եմ ասում՝ չկարողացանք, քանի որ երբեք մի կողմ չի լինում: Կա առնվազն երկու կամ մի քանի կողմ: Սակայն, քանի որ մենք հաղթանակած էինք, կարող էինք լինել պրոակտիվ և հաղթանակն արագ փոխակերպել կայուն խաղաղության: Հավանաբար, 1990-ականների վերջին և 2000-ականների սկզբին կար դա անելու հնարավորություն, և ասեմ, թե ինչու: Դա մի ժամանակ էր, երբ Ադրբեջանը փորձում էր Կասպից ծովից դեպի եվրոպական շուկա, Միջերկրական ծով, Թուրքիա Բաքու- Ջեյհան խողովակաշար կառուցել:
Նախագահ Հեյդար Ալիևը շատ պրագմատիկ մարդ էր: Ես նրա հետ այս հարցը չեմ քննարկել, թեպետ մի քանի անգամ հանդիպել եմ նրան, իսկ ավելի ուշ՝ նաև որդուն, սակայն կարծում եմ, որ նրա առաջնահերթությունների ցանկում նավթամուղը մեծ կարևորություն ուներ: Առանց նավթամուղի Ադրբեջանը չէր կարողանա հետ ստանալ Ղարաբաղը, քանի որ նավթամուղը ուժ էր, գումար էր, գումար, որն օգնեց նրան վերակառուցել սեփական բանակը, օգնեց ստեղծել հանրային կապեր, հարաբերություններ այլ երկրների, այդ թվում և՝ Եվրոպայի հետ:
Ադրբեջանի համար դա առաջնահերթություն էր: Այդ ժամանակ հայկական բանակն ամենամարտունակն էր տարածաշրջանում: Եվ դա էր այն ժամանակահատվածը, երբ մենք երևի թե պետք է մտնեինք ավելի խորը բանակցությունների մեջ և ամեն ինչ իր տեղը դնեինք: Դրանից հետո պատմությունը 180 աստիճանով սկսեց փոխվել այլ ուղղությամբ. Ադրբեջանը դառնում էր ավելի հզոր, իսկ Հայաստանը հիմնականում և աստիճանաբար կարծես հետ էր մնում զարգացումից:
Հայկական կողմը շարունակում էր վայելել հաղթանակներն ու հավատում, որ հարցը կարգավորված է, և Մինսկի խմբի համանախագահներն ունեն վերջնական լուծում: Սակայն բանակցությունները շատ հաջող չէին, կողմերը զգացմունքային էին՝ մինչ և՛ այստեղ, և՛ այնտեղ ընտրություններ էին, բանակցություններն այլ տեսք ստացան:
Քուրուշ Զիբարի – Թույլ տվեք արագ անդրադարձ կատարել Ադրբեջանի հետ Հայաստանի մարտահրավերներին, ինչից հետո անցնել մյուս հարցերին:
Նախորդ տարի դեկտեմբերին Երևանում զանգվածային ցույց տեղի ունեցավ՝ «Արժանապատվության երթ», այն բանից հետո, երբ Ռուսաստանի միջնորդությամբ ստորագրվեց հրադադար: Շատ հայեր, հիմնականում ընդդիմադիր «Հայրենիք» կուսակցությունից, իրենց զայրույթն էին հայտնում խաղաղության համաձայնագրի պայմանների առնչությամբ՝ պնդելով, որ կառավարությունը խելամտորեն չի գործել ու համաձայնել է հրադադարի, որը Հայաստանից խլել է տարածքներ, որոնք երկիրը վերահսկում էր ավելի քան քառորդ դար:
Համաձա՞յն եք, որ հայերի զայրույթը տեղին է: Դուք անձամբ խաղաղության համաձայնագրի կետերը բարենպաստ համարո՞ւմ եք, թե՞ կարծում եք, որ կառավարությունը կարող էր ավելի համոզիչ բանակցել:
Նախագահ Սարգսյան – Հարցն ինձ տանում է դեպի մեր Սահմանադրություն: Ես նախագահ եմ խորհրդարանական հանրապետությունում և այն կարգավիճակում չեմ, որ մեկնաբանեմ, թե ինչ եմ մտածում խորհրդարանի կամ կառավարության մասին:
Որպես նախագահ՝ ես շատ սահմանափակ գործիքակազմ ունեմ՝ սահմանված Սահմանադրությամբ: Երբ ինչ-որ բան գալիս է իմ սեղանին, ես երկու տարբերակ ունեմ՝ կամ ստորագրում եմ այն, կամ ուղարկում Սահմանադրական դատարան:
Իմ սեղանին եկող ամեն օրենք չէ, որ հակասահմանադրական է, սակայն այն կարող է լինել հակապետական, հակակրթական, հակամշակութային: Սահմանադրությունը քիչ արդյունավետ կլինի այնքան ժամանակ, քանի դեռ մենք այն չենք փոխել: Եվ ես հստակ ասել եմ, որ եթե մենք գնանք սահմանադրական փոփոխությունների, դրանցից հետո ես պատրաստ եմ հրաժարական տալ:
Երկրորդը, հոգեբանորեն, շատ հայերի համար դժվար է ընկալել խորհրդարանական ժողովրդավարության կոնցեպտը: Նրանց համար դժվար է հասկանալ, թե ինչու նախագահը չի կարող հեռացնել նախարարին:
Երրորդը, մեր Սահմանադրության մեջ չկան հավասարակշռման և զսպումների մեխանիզմներ: Եթե ունես Սահմանադրություն առանց այդ մեխանիզմների, ապա կբախվես մեծ խնդիրների: Ցանկացած ժողովրդավարություն՝ լինի նախագահական կամ խորհրդարանական, պետք է ունենա հավասարակշռման և զսպման մեխանիզմներ: Նախագահը չունի բավարար իշխանություն՝ կանգնեցնելու որևէ օրենք կամ հավասարակշռելու կառավարության կամ վարչապետի իշխանությունը: Եվ դա առողջ չէ: Ես հիմա խրախուսում եմ փոխել Սահմանադրությունը: Կարևոր չէ՝ այն կդառնա նախագահակա՞ն, թե՞ կլինեն ավելի շատ զսպումներ և որոշ հավասարակշռություն, սակայն մենք կարիք ունենք փոփոխության:
Հիմա մենք ունենք հրադադարի մասին հայտարարություն և հետագա քայլեր Հայաստանի, Ադրբեջանի ու Ռուսաստանի առաջնորդների կողմից, սակայն դա պաշտոնական համաձայնագիր չէ, որն անցել է խորհրդարանով ու հասել իմ սեղանին: Իմ սեղանին ոչինչ չկար: Այո, մարդկանց մեծամասնությունը դժգոհ էր, քանի որ մեծ մասը հավատում էր, որ երկիրը հաղթում է պատերազմում, և հանկարծ մի օր պարզվեց, որ, ի հեճուկս կորսված հազարավոր կյանքների, Հայաստանը կորցրել է նաև տարածք, մշակութային ու հոգևոր ժառանգություն:
Այդ դեպքում ո՞րն է լուծումը: Լուծումը դասական է: Այս աշխարհում կարիք չկա հորինել լուծումներ: Եթե դու ժողովրդավար չես, ապա շարունակում ես առաջ գնալ, իսկ եթե ժողովրդավար ես, ապա կա միայն մեկ լուծում՝ դիմել ժողովրդին՝ հասկանալու, թե ում է նա ուզում, որ շարունակի ղեկավարել երկիրը: Սա հենց այն է, ինչ ես բացեիբաց առաջարկեցի: Ես առաջարկեցի կառավարությանը՝ հրաժարական տալ: Ես չունեմ իշխանություն նրանց ստիպելու, ուստի առաջարկեցի կառավարությանը, ոչ թե վարչապետին, հրաժարական տալ և խորհրդարանի կողմից ձևավորել պրոֆեսիոնալ կառավարություն:
Ինչո՞ւ պրոֆեսիոնալ. որովհետև նպատակն ընտրությունների գործընթացով անցնելն էր: Ավելի լավ է ունենալ ազգային համաձայնության կառավարություն, որը շատ ավելի բարդ է, կամ պրոֆեսիոնալ կառավարություն, որը քաղաքականացված չէ, և փոխել Սահմանադրությունը:
Քուրուշ Զիբարի – Անցնելով ձեր արտաքին հարաբերություններին. ես գիտեմ, որ Հայաստանն ու Թուրքիան ունեն թշնամանքի ու մարտահրավերների երկար պատմություն, կա խոր արմատացած վիշտ, որը մի ակնթարթում չի անհետանա: Սակայն, միևնույն ժամանակ, Ձեր երկիրն ու Թուրքիան այնքան մոտ էին կարգավորելու հարաբերությունները, երբ 2009 թվականին ստորագրվեցին ցյուրիխյան արձանագրությունները՝ միջնորդավորված ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների կողմից: Այդուհանդերձ, գործարքը մեծ քննադատության արժանացավ երկու երկրներում, և Ձեր նախորդը՝ Սերժ Սարգսյանը, այն հետ կանչեց խորհրդարանից: Դուք կանխատեսու՞մ եք որևէ տեղաշարժ Երևանի և Անկարայի միջև առկա անտագոնիստական տրամադրություններում։ Կա՞ որևէ օգուտ պաշտոնական դիվանագիտական հարաբերությունների հաստատումից և լարվածությունը թուլացնելուց։
Նախագահ Սարգսյան – Կա՞ մեկը, ով կասի, որ օգուտ չկա երկու անհատների միջև հարաբերությունները կարգավորելուց, ովքեր չեն հավանում մեկը մյուսին, կամ երկու ընտանիքների, երկու ժողովուրդների կամ երկու պետությունների միջև: Իհարկե՝ ոչ: Սակայն ցանկացած կարգավորում առնվազն երկու դերակատար է պահանջում: Նմանօրինակ կարգավորումը հատուկ բաղադրիչների կարիք ունի:
Սակայն թույլ տվեք մեկնաբանել այն, ինչ ասացիք ցյուրիխյան փաստաթղթի վերաբերյալ: Երբ այդ փաստաթուղթը ստորագրվեց, ես այդքան էլ չէի հավատում, որ այն կարող է արդյունավետ լինել: Պատճառները մի քանիսն են, սակայն ես Ձեզ ամենապարզը կներկայացնեմ: Ամենապարզ պատճառն այն էր, որ փորձ արվեց հաշտեցնելու Թուրքիային ու Հայաստանի, մինչդեռ Ղարաբաղի հարցը կարգավորված չէր: Կարո՞ղ է որևէ մեկն ինձ ապացուցել կամ բացատրել, թե ինչպես կարող է Թուրքիան կարգավորված հարաբերություններ ունենալ Հայաստանի հետ, երբ Հայաստանի ու Ադրբեջանի մեջ կար չավարտված պատերազմ, երբ Ադրբեջանն ու Թուրքիան հայտարարում էին, որ եղբայրական ժողովուրդներ են:
Ակնհայտ է, որ խաղաղության բանակցություններում միայն Հայաստանն ու Թուրքիան չէին, կար երրորդ կողմ, որը հաշվի չէր առնվել: Եվ ես երբեք չեմ հավատացել, որ Թուրքիան կարող է կարգավորել հարաբերությունները Հայաստանի հետ՝ առանց Ադրբեջանի համաձայնության: Ինչո՞ւ պետք է Ադրբեջանը համաձայներ Հայաստանի ու Թուրքիայի միջև հարաբերությունների կարգավորմանը, երբ կարգավորված չէին Հայաստանի ու Ադրբեջանի հարաբերությունները:
Կա նաև չորրորդ դերակատարը՝ հայ ժողովուրդը: Հայկական Սփյուռքը Օսմանյան կայսրությունում 1915 թվականի տեղի ունեցածի՝ Հայոց ցեղասպանության հետևանք է: Որևէ նախագահ չի կարող բանակցել այդ մարդկանց անունից, նրանց պապերի անունից, ովքեր սպանվեցին կամ փրկվեցին:
Թուրքիայի հետ բանակցելուց առաջ պետք է երկխոսություն լինի Հայաստան պետության ու Սփյուռքի միջև: Մենք պետք է ունենանք փոխըմբռնում և ընդհանուր քաղաքականություն այն հարցում, թե ինչ ենք անում: Դա էր պատճառը, որ երբ նախկին նախագահն այցելեց Ֆրանսիա կամ Լիբանան, իր հայրենակիցները նրան առաջին անգամ բարեկամաբար չընդունեցին:
Այս հարաբերությունները շատ ավելի բարդ են: Երբ խոսում եք Հայաստանի ու Թուրքիայի միջև հարաբերությունների միասին, կարծում եմ՝ մենք այդ հարաբերությունների երկար պատմություն չունենք: Մենք հայերի երկար պատմություն ունենք Օսմանյան կայսրությունում և Թուրքիայում: Հայաստանի ու Թուրքիայի պատմությունը կարճ էր, 1920 թվականին Հայաստանի առաջին Հանրապետության ու Թուրքիայի միջև տեղի ունեցավ պատերազմ:
Իսկ հարաբերությունների երկրորդ մասը սկսվում է 1991 թվականից, երբ հռչակվեց Հայաստանի երրորդ հանրապետությունը: Այսօր հարաբերություններ չկան: Անհատները ճանապարհորդում են: Ես բազմիցս այցելել եմ Թուրքիա, հատկապես, երբ ես ազատ անձնավորություն էի, այլ ոչ պետական պաշտոնյա: Ես այցելել եմ համալսարաններ, նախագահել եմ մեծ համաժողովներ, դասախոսություններ եմ կարդացել համալսարաններում…
Ինչպե՞ս կարող ենք հիմա բարելավել հարաբերությունները: Եկեք նայենք մյուս ազգերի փորձառությանը, օրինակ, Ֆրանսիայի ու Անգլիայի, Ֆրանսիայի ու Գերմանիայի: Նրանք դարերով ոչնչացնում էին մեկը մյուսին, սակայն հետո ինչ-որ բան փոխվեց, երբ մեծ աղետներից ու ողբերգություններից հետո բոլորը հասկացան, որ ատելությունից կա միայն մեկ ելք, և այդ ելքը հանդուրժողականությունն է՝ հանդուրժել այլ մարդկանց լեզուն, հավատը, մշակույթն ու կրոնը: Եթե Եվրոպայում հանդուրժողականություն չլիներ, հիմա այնտեղ խառնաշփոթ կտիրեր: Նրանք մի կողմ դրեցին այդ ամենն ու սկսեցին հանդուրժել մեկը մյուսին, ընդունել իրար, ապա սկսեցին երկխոսություն և ներգրավվեցին այն գաղափարների ու սկզբունքների շուրջ, որոնք կիսում են:
Հանդուրժողականությունը նշանակում է ընդունում, հանդուրժողականությունը ենթադրում է լինել այնքան ուժեղ, որ կարողանաս ներողություն խնդրել: Անձերի կամ ընտանեկան հարաբերություններում կամ պետությունների մակարդակով ներողություն խնդրելն ուժի նշան է: Եթե Գերմանիան հրեաներից ներողություն չխնդրեր, ինչ եք կարծում, կլինեի՞ն հարաբերություններ: Նույնը տեղի ունեցավ այլ ժողովուրդների դեպքում: Ես Երուսաղեմում էի, երբ Հոլոքոստի օրը Գերմանիայի նախագահը ելույթ ունեցավ…
2020 թվականի պատերազմի ժամանակ, ինչպես ասացի, Ադրբեջանն ավելի առաջ էր, սակայն նրանք ունեին մեկ այլ գործոն՝ Թուրքիան: Խոսքը ժամանակակից Թուրքիայի մասին է, որը գուցե մեծ հավակնություններ ունի՝ վերադարձնելու Օսմանյան կայսրության փառքը: Սակայն ոչ ոք չի ցանկանում վերլուծել, ուսումնասիրել մարդկանց հոգեբանությունը: Բայց մենք ականատես ենք լինում, որ Թուրքիան ամենուր է ակտիվ. Թուրքիան Լիբանանում է, ներկայում բավականին շատ, Թուրքիան ագրեսիվ կերպով Սիրիայում է, միջերկրածովյան շրջանում է, Կիպրոսի մոտ է, Հունաստանի մոտ է, Լիբիայում է: Թուրքիան Եվրոպային պատանդ է պահում՝ Եվրամիության հետ սահմանին մի քանի միլիոն փախստական պահելով: Իսկ ԵՄ-ն մի քանի միլիարդ եվրո է վճարում այդ փախստականների համար: Թուրքիան Լիբիայում է, որն այլ հյուսիսաֆրիկյան երկրներից փախստականների համար դարպաս է դեպի Եվրոպա: Թուրքիան հիմա ուժեղ ներկայություն ունի Ադրբեջանում: Եվրոպան հիմա նավթ ու գազ է ստանում Կասպից ծովից, և Թուրքիան նաև այդտեղ է:
Քուրուշ Զիբարի – Ե՞վ…
Նախագահ Սարգսյան – Եվ ի՞նչ կասեք Ձեր պատմական արդարության մասին:
Քուրուշ Զիբարի – Հավակնոտ է՝ մշտապես կարողանալ պատմական արդարությունից կառչել:
Նախագահ Սարգսյան – Իրականում ամեն ինչ պարզ է՝ նավթ, գազ, լոգիստիկա, բեռնափոխադրումներ, փող և իշխանություն…