Ամուլսարի հանքավայրի շահագործման թույլտվության գործընթացում հնարավոր չարաշահումների վերաբերյալ քննվող քրգործը կարճվել է
ՀՀ քննչական կոմիտեում տևական ժամանակ իրականացվել են քննչական և դատավարական այլ համակողմանի գործողություններ Ամուլսարի ոսկեբեր քվարցիտների հանաքավայրի շահագործման թույլտվության գործընթացում հնարավոր չարաշահումների վերաբերյալ քննվող քրեական գործով լրիվ, օբյեկտիվ և բազմակողմանի քննություն ապահովելու նպատակով:
Ամուլսարի հանքավայրի շահագործման թույլտվության տրամադրման գործընթացին մասնակցած անձանց կողմից հնարավոր հանցագործություն կատարված լինելու վարկածները ստուգելու նպատակով կատարվել են բազմաթիվ հարցաքննություններ, պետական և ոչ պետական մարմիններից առգրավվել, ստացվել և զննվել են մեծածավալ փաստաթղթեր, կայացված որոշումների հիման վրա կատարվել են համապատասխան օպերատիվ-հետախուզական միջոցառումներ, գործի համար էական նշանակություն ունեցող մի շարք հանգամանքներ պարզելու նպատակով նշանակվել է էկոլոգիական, երկրաբանական, հիդրոլոգիական, երկրաֆիզիկական, քիմիական, շինարարատեխնիկական և տնտեսագիտական համալիր փորձաքննություն, որի կատարումը հանձնարարվել է «Էլարդ» և «Թի Ար Սի» ընկերությունների փորձագետներին:
2019թ. հուլիսի 22-ին ստացվել է վերը նշված փորձաքննության եզրակացությունը, համաձայն որի՝ «Գեոթիմ» ՓԲԸ-ի /ներկայիս՝ «Լիդիան Արմենիա»/ կողմից ՀՀ լիազոր մարմնին ներկայացված, ապա «Շրջակա միջավայրի վրա ազդեցության փորձաքննական կենտրոն» ՊՈԱԿ-ի կողմից դրական եզրակացություն ստացած Ամուլսարի ոսկեբեր քվարցիտների հանքավայրի շահագործման նպատակով ներկայացված փաստաթղթերում առկա են թերություններ, թերհաշվարկներ, անճշտություններ և տվյալների բացեր: Հիշյալ հետևությունների վերաբերյալ «Լիդիան Արմենիա» ընկերությունը ներկայացրել է իր գրավոր առարկությունները:
Առկա հակասությունների կապակցությամբ ուսումնասիրվել են տվյալ ժամանակահատվածում գործող նորմատիվ իրավական բազմաթիվ ակտեր, այդ թվում՝ «Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության մասին» ՀՀ օրենքը /ընդունված՝ 21.06.2014թ./ և վերջինիս դրույթներով համապատասխան գնահատման մեթոդիկայի սահմանման ու հաստատման գործընթացի իրավական կարգավորումները:
Նախաքննությամբ պարզվել է նաև, որ բնապահպանական նույն երևույթների և դրանց հետ կապված տվյալների վերաբերյալ իրարամերժ փաստարկները պայմանավորված են դրանք հաշվարկելու և գնահատելու ընթացքում տարբեր մեթոդաբանություններ կիրառելու՝ գիտական խորը վեճերով, ինչպես նաև ՀՀ օրենսդրությամբ հաստատված կոնկրետ չափորոշիչների և մեթոդաբանության բացակայությամբ:
Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության գործընթացի կարգավորման իրավական ընթացակարգում առկա թերությունները վերացնելու նպատակով սույն քրեական գործի շրջանակներում համապատասխան փաստաթղթեր են ուղարկվել նաև ՀՀ շրջակա միջավայրի նախարարություն:
Նախաքննության ընթացքում ձեռնարկվել են անհրաժեշտ և հնարավոր բոլոր քննչական ու դատավարական գործողությունները, սակայն ձեռք չեն բերվել փաստական տվյալներ առ այն, որ Ամուլսարի ոսկեբեր քվարցիտների հանքավայրի հանքարդյունահանման համալիրի աշխատանքային նախագծի՝ շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման հաշվետվություն կազմելիս, հաշվետվությունը փորձաքննության ենթարկելիս, հանքավայրի շահագործման թույլտվությունը տրամադրելիս կատարվել են հանցավոր արարքներ, ուստի 21.12.2021թ.-ին որոշում է կայացվել ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով՝ հանցակազմի բացակայության հիմքով, մի շարք անձանց նկատմամբ քրեական հետապնդում չիրականացնելու և գործով վարույթը կարճելու մասին:
Որոշման պատճենն ուղարկվել է ՀՀ շրջակա միջավայրի նախարարություն, Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարություն՝ ենթակա ոլորտներին վերաբերելի, քննության ընթացքում ի հայտ եկած բացերը լրացնելու, խնդիրները կարգավորելու նպատակով: