Ավստրիայում մեկ շաբաթվա ընթացքում եռակի աճել է օմիկրոնով ախտահարման դեպքերի թիվը
Ավստրիայում օմիկրոն շտամով ախտահարման հաստատված դեպքերի թիվը մեկ շաբաթվա ընթացքում աճել է ավելի քան երեք անգամ: Այդ մասին վկայում են Ավստրիայի Առողջության եւ սննդամթերքի անվտանգության գործակալության (AGES) տվյալները:
Վերջին տվյալների համաձայն, անցած շաբաթվա վերջի դրությամբ հանրապետությունում գրանցվել է օմիկրոն շտամով ախտահարման 297 դեպք, ընդ որում՝ դրանցից 193-ը՝ Վիեննայում: Միայն մեկ շաբաթ առաջ հաստատված դեպքերի թիվը կազմել է 89: Նոր շտամի տարածման եւ կորոնավիրուսով ախտահարվածների թվի աճի կապակցությամբ Ավստրիայի իշխանությունները նոյեմբերի 22-ից համազգային լոքդաուն են սահմանել երեք շաբաթով: Դեկտեմբերի 12-ից խիստ սահմանափակող միջոցառումները չեղարկել են պատվաստում ստացած եւ հիվանդությունը տարած բնակչության համար եւ բոլոր ոլորտներին թույլատրել են բացվել, բացի գիշերային գաստրոնոմիայից, մշակութային միջոցառումների անցկացումից:
Միեւնույն ժամանակ ռեստորանները պետք է փակվեն 23:00-ից ոչ ուշ: Հասարակական բոլոր վայրեր այցելել կարելի է միայն պատվաստում ստացած եւ հիվանդությունը տարած անձանց, պահպանվում է FFP2 տեսակի դիմակ կրելու անհրաժեշտությունը: Իսկ պատվաստում չստացած անձանց համար լոքդաունը շարունակվում է, բայց Սուրբ Ծնունդին եւ Ամանորին նրանց համար եւս բացառություն կարվի. այդ տոնական օրերին չպատվաստված անձինք կկարողանան տանից դուրս գալ ոչ մեծ շրջանակի մարդկանց հետ հանդիպումների համար, հաղորդել է ՌԻԱ Նովոստին: