Թբիլիսի այցի խորհրդապահական կողմը․ ինչո՞ւ է Փաշինյանը մեկնել Վրաստան

Նիկոլ Փաշինյանի աշխատանքային այցը Վրաստան վերջին կես տարվա ընթացքում երկրորդն էր։ Փաշինյանն ու Ղարիբաշվիլին, բացի առանձնազրույցից, բարձրաստիճան շփումներից, մասնակցել են Հայաստանի և Վրաստանի միջև տնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի 11-րդ նիստին։ Երկու կառավարությունների ներկայացուցիչների հանդիպմանը, ըստ պաշտոնական հաղորդագրությունների, քննարկվել են առևտրատնտեսական հարաբերությունները, տրանսպորտային ենթակառուցվածքները և լոգիստիկան զարգացնելու և երկկողմ հարաբերությունների ողջ ներուժն օգտագործելու հարցը։

Նիկոլ Փաշինյանը, ըստ պաշտոնական հաղորդագրության, ասել է․ «Պարսից ծոց-Սև ծով երթուղու մասին խոսելիս ուզում եմ ընդգծել, որ այստեղ կա երկու նախագիծ. ավտոմոբիլային երթուղի և երկաթուղային երթուղի: Ավտոմոբիլային երթուղու զարգացման ուղղությամբ մենք իրականացնում ենք Հյուսիս-Հարավ ճանապարհի կառուցումը, որը հայ-վրացական սահմանը կապում է Հայաստան-Իրան սահմանի հետ: Ճանապարհի առավել արդյունավետ աշխատանքի համար մենք ակտիվ քննարկումների մեջ ենք մեր իրանցի և վրաց գործընկերների հետ, ու շատ կարևոր է, որ այստեղ լիարժեք փոխըմբռնման հասնենք: Ընդ որում, ուզում եմ ձեր ուշադրությունը հրավիրել, որ եթե մեզ հաջողվի Հայաստան-Ադրբեջան ավտոմոբիլային հաղորդակցության վերաբերյալ համաձայնության գալ Արբեջանի հետ, այս նախագիծն էականորեն կփոխվի՝ դառնալով Հյուսիս-Հարավ, Արևելք-Արևմուտք երթուղի»:

Նա ասել է նաև, որ Երասխ-Ջուլֆա-Օրդուբադ-Մեղրի-Հորադիզ երկաթուղային հաղորդակցության վերականգնման շուրջ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ արդեն իսկ սկզբունքային պայմանավորվածություն է ձեռք բերել: Նա նշել է, որ այս նախագիծը շահեկան է Վրաստանի համար, որովհետև եթե Ջուլֆայով բացվի Հայաստան-Նախիջևան-Իրանի Իսլամական Հանրապետություն երկաթուղին, կլինի, նրա խոսքով, Պարսից ծոց-Սև ծով ամենաարդյունավետ և օպտիմալ երկաթուղային հաղորդակցությունը, և այդ երկաթուղին կանցնի Իրանի, Ադրբեջանի, Հայաստանի, Վրաստանի տարածքով։

Սակայն, ըստ մի շարք վերլուծաբանների, հայ-վրացական ներկայիս շփումները, բացի առևտրատնտեսական, տրանսպորտային խնդիրները քննարկելու անհրաժեշտությունից, ունեն լուրջ տարածաշրջանային բաղադրիչ։

168am-ի հետ զրույցում վրացի քաղաքական վերլուծաբան Իրակլի Մենագարիշվիլին ասաց, որ թերևս այս այցի ոչ հրապարակային կողմը կարելի է վերլուծության համար ավելի հետաքրքիր նյութ դիտարկել, քան հրապարակային հատվածը, որը տեխնիկական բնույթի էր, կանխատեսելի հարցերով ու թեմաներով։

Սակայն, նրա խոսքով, թեև հայ-վրացական երկխոսության ոչ հրապարակային մանրամասների մասին տեղեկություններ չկան, սակայն գիտենք, որ ոչ հրապարակային և բավականին ծանրակշիռ շփումներ են տեղի ունենում կողմերի միջև, որի ապացույցը հայկական կողմի սեպտեմբերյան այցն էր Վրաստան, որին հաջորդեց Թուրքիայի նախագահի պնդումը, թե վրացական կողմի միջնորդությամբ արվել է հանդիպման առաջարկ։

«Այսինքն՝ տարածաշրջանային նոր շփումները և հարաբերությունների նոր համակարգերը ձևավորվում են, այդ թվում՝ երկկողմ այն հարթակներում, որտեղ քաղաքական տարաձայնություններ չկան, և հայ-վրացական հարաբերությունները այն դաշտն են, որից ակնկալիքներ կարող է ունենալ թե՛ Երևանը, թե՛ Մոսկվան, թե՛ Անկարան, թե՛ Թբիլիսին, բոլորը՝ տարբեր նպատակադրումներով։ Այս հարաբերությունները հատկապես ներկայումս կարևորվում են առաջին երեք երկրների համար տարածաշրջանային 3+3 ձևաչափի պատճառով, թեև Վրաստանը մերժել է, սակայն տարածաշրջանային բոլոր ուժերի ջանքերն ուղղված են Վրաստանին ներքաշելուն։ Հայ-վրացական հարաբերությունները ներկայումս օգտագործվում են միջնորդությունների նպատակով, դա անում է թե՛ Թբիլիսին, թե՛ Երևանը, որը հարաբերություններ ունի Մոսկվայի հետ և, գուցե Մոսկվայի դիտարկմամբ, կարող է մեղմել Թբիլիսի դիրքորոշումը։ Հայ-վրացական ներկայիս հարաբերություններում էական տեղ ունի արևմտյան վեկտորը՝ ԱՄՆ-ը ու ԵՄ-ն, որոնց հետ Վրաստանը սերտ հարաբերություններ ունի, և այդ խաղացողները, այդ թվում՝ Վրաստանի միջոցով են իրականացնում տարածաշրջանում իրենց քաղաքականությունը, Հայաստանն ու Վրաստանը մասնակցեցին «Հանուն ժողովրդավարության» համաժողովին, ԱՄՆ-ը ու ԵՄ-ն փորձում են տարածաշրջանում պահպանել ներկայություն, ունենալ երկրներ, որոնց հետ համագործակցում են։

Հիշեցնեմ, որ տարածաշրջանում Պենտագոնի ղեկավարը ևս քննադատական ակնարկներ ուղղեց 3+3 ձևաչափին, չնայած դրան, տարածաշրջանն աշխատում է Վրաստանին ներառելու ուղղությամբ, հատկապես, երբ առջևում հայտարարվել է այդ հարթակի հերթական հանդիպումը, որը նախատեսվում է Թուրքիայում։ Հատկապես կարևոր է, որ սրան զուգահեռ՝ հայտարարվել է հայ-թուրքական երկխոսության մեկնարկի մասին, որը ևս կարևոր տարածաշրջանային կոնտեքստ է»,- նման կարծիք հայտնեց վրաց վերլուծաբանը՝ հատկապես առանձնացնելով հայ-վրացական բանակցություններում 3+3-ի, ինչպես նաև հայ-թուրքական երկխոսության թեմաները:

«Ինչպես տեսնում ենք, հայ-թուրքական երկխոսության մեկնարկը ողջունում է միջազգային հանրությունը, և փաստորեն դրան աջակցել է նաև Վրաստանը, իր հերթին՝ Հայաստանի դերակատարությունը պետք է լինի Վրաստանին ներքաշել վեցակողմ հարթակ, ինչը հատկապես ներկայումս՝ ՌԴ-ՆԱՏՕ սրման ֆոնին, չափազանց անիրատեսական հեռանկար է։ Բայց հակառակ դրան, Վրաստանն ակտիվ աշխատում է իր գործընկերների հետ, կան նոր պայմանավորվածություններ, որոնք ևս կքննարկվեն այս բանակցությունների ընթացքում։

Ընդհանուր առմամբ տարածաշրջանը չափազանց ինտենսիվ բազմակողմ բանակցային փուլում է, ներգրավված է Թեհրանը, Բաքուն, Անկարան, Թբիլիսին, Երևանը, փորձում է ներկա լինել նաև Մոսկվան, և հարաբերությունների նոր համակարգը հենց այս փուլում ձևավորվում է՝ էապես ազդված ոչ միայն ներտարածաշրջանային, այլև արտատարածաշրջանային զարգացումներից»,- ասաց Մենագարիշվիլին։

Տեսանյութեր

Լրահոս