Քրոջ նկատմամբ սպանության փորձ կատարելու կասկածանքով ձերբակալվել է 20-ամյա եղբայրը
ՀՀ քննչական կոմիտեի Արագածոտնի մարզային քննչական վարչությունում քննություն է տարվում` 2021թ. դեկտեմբերի 20-ին եղբոր կողմից քրոջ նկատմամբ սպանության փորձի դեպքի բոլոր հանգամանքները պարզելու ուղղությամբ:
Դեպքի վերաբերյալ ահազանգը ստացվել է Արագածոտնի մարզի՝ 1997թ. ծնված բնակչուհուց, ով հայտնել է, որ եղբայրն իրենց տանը խոհանոցային դանակով բազմաթիվ հարվածներ է հասցրել իրեն։
Նախնական տվյալներով 20-ամյա երիտասարդը, քրոջն ապօրինի կյանքից զրկելու դիտավորությամբ, դանակով բազմաթիվ հարվածներ է հասցրել վերջինիս մարմնի տարբեր մասերին՝ պատճառելով բազմաթիվ կտրած-ծակած վերքեր, սակայն իր կամքից անկախ հանգամանքներով հանցագործությունն ավարտին չի հասցրել՝ տուժողին ցուցաբերված շտապ բուժօգնության շնորհիվ։
Դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Արագածոտնի մարզային քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 34-104-րդ հոդվածի 1-ին մասով:
Նախաքննության ընթացքում կատարվել են մի շարք քննչական գործողություններ՝ դեպքի վայրի զննություն, որի ընթացքում վերցվել են դեպքի պահին տուժողի հագին եղած հագուստները, առգրավվել է որպես հանցագործության գործիք հանդիսացող դանակը, նշանակվել են փորձաքննություններ:
ՀՀ ոստիկանության աշխատակիցների հետ համատեղ իրականացված միջոցառումների արդյունքում երիտասարդը հայտնաբերվել, բերման է ենթարկվել: Վերջինս ձերբակալվել է՝ քրոջ սպանության փորձի կասկածանքով։
Նախաքննությունը շարունակվում է:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: