ԱՀ Ոստիկանությունը հայտարարություն է տարածել
Հարգելի հայրենակիցներ
Ամանորի և Սուրբծննդյան տոներին ընդառաջ, ԱՀ ՆԳ նախարարության ոստիկանությունն իրազեկում է, որ դեկտեմբերի 21-ից ոստիկանության բոլոր ստորաբաժանումներն անցնում են ուժեղացված ծառայության:
Նպատակը՝ տոնական օրերին հանրապետությունում հասարակական կարգի և քաղաքացիների անվտանգության պատշաճ ապահովումն է: Նախատոնական օրերին, մասնավորապես, ուժեղացված ծառայություն կիրականացնեն ոստիկանության պրոֆիլակտիկայի ծառայության ստորաբաժանումները, պարեկապահակետային ծառայության, քրեական հետախուզության և ճանապարհային ոստիկանության ծառայողները:
Տոնական օրերին մեքենա վարելու դեպքում՝ ձեռնպահ մնացեք ոգելից խմիչք օգտագործելուց: Ոստիկանությունը միաժամանակ կոչ է անում և հորդորում բոլոր ծնողներին՝ հատկապես ուշադիր լինել անչափահասների հանդեպ: Վերջիններիս զերծ պահել ոգելից խմիչք օգտագործելու, առավել ևս՝ ավտոմեքենա վարելու գայթակղությունից:
Նախորդ տարիների փորձը վկայում է, որ տոնական օրերին ոստիկանության ծառայողների խստապահանջ վերաբերմունքը, ցանկացած օրինախախտման վերաբերյալ օպերատիվ արձագանքը՝ կտրուկ նվազեցնում է պատահարների, վթարների ու վրաերթերի ելքով տուժածների թիվը:
Ոստիկանության ծառայողներն ամենայն խստությամբ կիրականացնեն իրենց գործառույթները՝ ակնկալելով նաև քաղաքացիների բարձր իրավագիտակցությունն ու վերաբերմունքը:
Հարգելի հայրենակիցներ
Միասին պահպանենք Տոնի լուսավոր խորհուրդը և բարձր պահենք փոխադարձ հարգանքն ու հոգատարությունը միմյանց հանդեպ:
ԱՀ Ոստիկանությունը շնորհավորում է գալիք Նոր տարվա և Սուրբծննդյան տոների կապակցությամբ և մաղթում՝ ջերմություն և բարեկեցություն բոլորիս օջախներին: