«Եթե Ալիևին կհետաքրքրի իր դիակները, այն ժամանակ դրանց տեղը կասեմ». Գագիկ Մելքոնյան

ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Գագիկ Մելքոնյանն այսօր խորհրդարանում լրագրողների հետ զրույցի ընթացքում իր մեկնաբանությունը տվեց, թե  նոյեմբերի 16-ին Սյունիքի մարզի Սիսիանի հատվածում գերեվարված, ապա Հայաստան վերադարձած 5 գերիներին ինչու պետք է կալանավորեին:

«Այդպես պետք է լինի, որպեսզի ժողովուրդը հասկանա՝ ինչպես է տեղի ունեցել այդ ամենը»,- ասաց Գագիկ Մելքոնյանը՝ շարունակելով պարզաբանել, որպեսզի իրավապահ մարմինները հարցնեին, թե ինչ հանգամանքներում է տեղի ունեցել գերեվարումը,  արդյո՞ք չկրակելու հրաման եղել է, և, թերևս, գործին վերաբերող այլ հարցեր։

Ինչ վերաբերում է 2 ադրբեջանցիներին, որոնք դիվերսիոն ներթափանցման փորձի ժամանակ կալանավորվել էին, իսկ երկու օր անց վերադարձվել Ադրբեջանին, Գագիկ Մելքոնյանն ասաց, թե 10 հոգի գերի են վերադարձրել Հայաստան, նրանց փոխարեն տվել են 2 ադրբեջանցու։

«Այդ կառույցները, որ մեր գերիներին վերադարձնում են Հայաստան, ասում են՝ դուք էլ տվեք գերիներին։ Բայց դե վերջին 2-ի մասով ես տեղյակ չեմ։ Ես ասում եմ այն, ինչ դուք գրում եք, ես ձեր լրատվամիջոցներից եմ իմանում։ Այս ամենով զբաղվում են հատուկ ծառայությունները, ո՛չ դուք եք զբաղվում, ո՛չ մենք»,- նշեց նա։

Ըստ իշխանական պատգամավորի, Սյունիքի մարզում էլ, Կապանի հատվածում են հայկական զորքերը հետ քաշվել 2020 թվականի դեկտեմբերին, Փելասարի հատվածում, որտեղ ռուսները գնացին ու նստեցին։

«Հետո, որ սահմանները սկսեցին ճշտել, պարզվեց, որ ռուսները նստած են ադրբեջանցիների սահմանում, հետ քաշվեցին, եկան հասան մեր սահմանից այս կողմ։ Այդ որ վարչապետը հայտարարեց, թե իր հրամանով են այդ հատվածում հայկական զորքերը հետ քաշվել, ձեզ ի՞նչ է պետք՝ գրավոր կլինի, թե բանավոր»,- շեշտեց իշխանական պատգամավորը։

Միաժամանակ  Մելքոնյանը հայտնեց, թե ինքը պատրաստ է Ադրբեջանին վերադարձնել 90-ականներին զոհված ադրբեջանցիների դիակները։

«Եթե Ալիևին կհետաքրքրի իր դիակները, այն ժամանակ դրանց տեղը կասեմ, թող տանեն վերահուղարկավորեն կամ հանձնեն իրենց ընտանիքի անդամներին։ Ես մտածում եմ, որ գոնե դրա դիմաց մնացած գերիներին կտան։ 1994 թվականից մինչև այսօր իրենք իրենց դիակներով չհետաքրքրվեցին։ 44-օրյա պատերազմի ժամանակ, երբ հրադադար էր լինում, որպեսզի ամեն մեկն իր դիակները տաներ, նրանք որևէ դիակ չտարան, հարյուրավոր դիակներ մնացին ձորի մեջ։ Ես Ադրբեջանի ժողովրդին ուզում եմ հիշեցնել, որ իրենք ունեն դիակներ, թող պահանջեն իրենց դիակները, կտեսնենք՝ այդ ժողովուրդն իր դիակները կպահանջի՞, թե՞ չէ»,- եզրափակեց Գագիկ Մելքոնյանը։

Տեսանյութեր

Լրահոս