«Ես հիմա որևէ բան չեմ կարող ասել». Գորիսի փոխքաղաքապետը՝ ադրբեջանական բենզալցակայանի բացման մասին

Սյունիքի մարզի Գորիս-Կապան ճանապարհի Որոտանի հատվածում երեկ ադրբեջանական կողմը բենզալցակայան է բացել, որի շինարարությունը սկսել էր դեռևս նոյեմբերի 26-ից։

Այդ ճանապարհից ՀՀ քաղաքացիները չեն օգտվում նոյեմբերի 10-ից, երբ թշնամին այնտեղ մաքսակետ տեղադրեց և իրանական բեռնատարներից սկսեց մաքսատուրք գանձել, իսկ դրան զուգահեռ՝ լծվեց բենզալցակայան կառուցելու աշխատանքներին։

168.amը Գորիսի փոխքաղաքապետ Կարեն Քոչարյանից հետաքրքրվեց՝ մտավախություններ չունե՞ն, որ թշնամին հատուկ քաղաքականություն կվարի, կսկսի էժան գնով բենզին վաճառել, որը կգնեն նաև հայերը։

Գորիսի փոխքաղաքապետը նշեց, որ որևէ մտավախություն չունի, սակայն հստակ որևէ բան չի կարող ասել։

«Ես հիմա որևէ բան չեմ կարող ասել։ Ես տեղեկություններ չունեմ, մինչև այժմ որևէ մեկն օգտվե՞լ է այդ բենզինից, թե՞ ոչ։ Ոչինչ չեմ կարող ասել ու նախորդ ասածներիս որևէ ավելացնելու բան չունեմ»,- ասաց Կարեն Քոչարյանը։

Ճակատենի նախկին գյուղապետ Հուսիկ Սարուխանյանը նույնպես նշեց, որ որևէ հստակ բան չի կարող ասել, թե ինչ կլինի՝ առաջիկայում կտեսնեն։

Նշենք, որ թշնամին մաքսակետեր է տեղադրել նաև Կապան-Ճակատեն հատվածում։

Հիշեցնենք, որ Սյունիքում այս իրավիճակը ստեղծվել է Նիկոլ Փաշինյանի որոշման արդյունքում, ըստ որի՝ հայկական զորքը մի քանի կիլոմետր հետ է քաշվել։ Այս մասին հոկտեմբերի 27-ին խորհրդարանում կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ, երբ հարց էր հնչել Սյունիքում սահմանային իրավիճակի, ինչպես նաև ՀՀ սուվերեն տարածքում թշնամու հայտնվելու վերաբերյալ, Նիկոլ Փաշինյանն ասել էր, որ Սյունիքում հայկական զորքերը հետ են քաշվել իր անմիջական հրամանով։

«Ես երբևէ հրաժարվե՞լ եմ, որ ես այդ որոշման պատասխանատուն եմ: Երբևէ նման բան եղե՞լ է: Գրավո՞ր է եղել, թե՞ բանավոր է եղել, նախարարը գրավո՞ր է տվել, թե՞ բանավոր՝ իրենց ընթացակարգերով են տալիս հրամանները: Քննարկում եղե՞լ է՝ այո, եղել է: ԱԽ նիստ չի եղել, բայց ԱԽ բոլոր անդամները, Սյունիքի մարզպետը, ԱԳ նախարարը, որ ասում էր՝ մենք տեղյակ չենք, նախարարի տեղակալը, որովհետև հետո ինքը գործուղման էր, մասնակցել են այդ քննարկմանը»,- ասել էր Նիկոլ Փաշինյանը։

Տեսանյութեր

Լրահոս