«Որպես բարի կամքի դրսևորում՝ ՔՊ-ն Պաշտպանության հանձնաժողովի նախագահի տեղակալի թեկնածու չի առաջադրել». Անդրանիկ Քոչարյան

ԱԺ Պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի արտահերթ նիստում այսօր նախատեսված էր քննարկել հանձնաժողովի նախագահի տեղակալի ընտրության հարցը։ Այս պաշտոնում «Հայաստան» խմբակցությունը 14 անգամ առաջադրել էր Արթուր Ղազինյանի թեկնածությունը, որին իշխող խմբակցության անդամները նույնքան անգամ դեմ էին քվեարկել։

Նախորդ նիստում,  հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը հայտարարել էր, որ եթե ընդդիմությունն այլ թեկնածու չառաջադրի, ապա ՔՊ-ն ստիպված կլինի ինքը թեկնածու առաջադրել, և այդ դեպքում հանձնաժողովը կունենա իշխանական փոխնախագահ։ Այսօրվա նիստին ընդդիմադիր երկու խմբակցությունների անդամները չէին մասնակցում:

Խորհրդարանական իշխող ուժն էլ թեկնածու չէր առաջադրել, պատճառը   ներկայացրեց հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը.

«ՔՊ-ն թեկնածու չի առաջադրել՝ որպես բարի կամքի դրսևորում, կամ, ինչպես ուզում են՝ թող հասկանան։ Ես ասել էի, որ «Հայաստան» խմբակցությունը կարող է սկսել խորհրդակցություն, իրենց թեկնածուի շուրջ քննարկում կազմակերպելու համար։ Այդ առաջարկը մնաց առկախված, այսօր ևս մեկ անգամ հիշեցնում եմ, որ ընդդիմությունը չի ներկայացրել թեկնածու, մենք էլ չենք ներկայացրել, որպեսզի հնարավորություն տանք նրանց ներկայացնել թեկնածու, եթե դա չլինի, հաջորդ մեր նիստի ժամանակ ՔՊ-ն կներկայացնի իր թեկնածուին»,- նշեց Անդրանիկ Քոչարյանը։

Մանրամասները՝ տեսանյութում

Տեսանյութեր

Լրահոս