Կարող է մարդիկ զբաղված են, աշխատանքի են. Հայկ Մարությանը՝ իրեն սատարողների՝ նիստին ներկա չլինելու մասին

Երևանի քաղաքապետարանում այսօր՝ դեկտեմբերի 21-ին, հրավիրված նիստը չկայացավ՝ քվորում չլինելու պատճառով:

«Ինձ հայտնեցին, որ այս պահին քվորում չկա, ուստի մենք պետք է կես ժամ ընդմիջում հայտարարենք՝ մինչև բոլորը հավաքվեն, եթե գալու են: Կես ժամից եթե քվորում եղավ՝ նիստը կսկսենք, եթե ոչ՝ նիստը կհայտարարենք չկայացած: Բայց մինչև ընդմիջում հայտարարելը ուզում էի մեր երևանցիներին ուրախալի լուր հայտնել. այսօր ևս հայտարարվել է 280 վերելակի մրցույթ: Ստացվում է, որ 2021թ. մենք արդեն տեղադրել ենք 54 վերելակ, որը հատուկ նախատեսված էր վերջին պատերազմական գործողություններից հաշմանդամություն ստացած զինվորների համար: 46 վերելակի մրցույթն այս պահին ընթացքում է, ընդհանուր եղավ 100, 520-ը տեղադրված էր՝ եղավ 620: Փաստացի 2022 թվականին մենք կունենանք լրիվ նոր 1000 վերելակ»,- ասաց քաղաքապետ Հայկ Մարությանը:

Կես ժամ անց հրավիրված նիստը ևս չկայացավ:

«Փաստացի քվորում չունենք, ուստի նիստը հայտարարում եմ չկայացած և փակված»,- ասաց քաղաքապետ Հայկ Մարությանը:

«Լույս» խմբակցության ղեկավար Դավիթ Խաժակյանն էլ նշեց. «Հասկանալով ամբողջ իրավիճակը և գոնե մոտավորապես իմանալով այն թվակազմը, ովքեր չեն միացել ստորագրահավաքին, ուզում էի ասել, որ ինձ համար առնվազն տարակուսելի է, որ չմիացած մարդիկ այստեղ չեն, որովհետև որքան էլ սկզբունքները տարբեր լինեն՝ այդուհանդերձ քաղաքականությունը դա սկզբունքների պաշտպանության արվեստ է, դրա համար ջանք գործադրելու տեղ է, և մարդիկ, ովքեր չեն միացել և պաշտպանել են Ձեզ՝ կարծում եմ, որ հիմա պետք է այստեղ լինեին: Ես տեսնում եմ, որ «Իմ քայլը» խմբակցությունից ովքեր չէին միացել, հիմնական կազմով այստեղ չեն: Սա էի ուզում արձանագրել»:

«Շնորհակալություն, կարող է մարդիկ զբաղված են, աշխատանքի են»,- արձագանքեց Հայկ Մարությանը:

Ավագանու անդամ Իզաբելլա Աբգարյանն էլ ի պատասխան Դավիթ Խաժակյանի հարցին՝ նկատեց.

«Շատերը մտածում էին՝ «Իմ քայլի» հայտարարությունից հետո մտածել են, որ դա նիստը չկայանալու մասին է: Շփոթմունք կար և ապակողմնորոշում, և երկրորդ, հարց ունեմ, պարոն քաղաքապետ, ինչո՞ւ չեք դիմում երևանցիներին այս ծանր պահին, ովքեր Ձեզ քաղաքապետ են ընտրել»:

Հայկ Մարությանը պատասխանեց.

«Քանի որ սա նիստի օրակարգում չէ, վաղը նիստ ունենք, որի ժամանակ բոլոր հարցերի պատասխանները կհնչեն»:

Նշենք, որ  վաղը՝ դեկտեմբերի 22-ին, ըստ քաղաքապետարանի պաշտոնական կայքի՝ ավագանին կքննարկի քաղաքապետ Հայկ Մարությանին անվստահություն հայտնելու հարցը:

«Ղեկավարվելով «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 40-րդ հոդվածի 1-ին և 4-րդ մասերով՝ 2021 թվականի դեկտեմբերի 22-ին՝ ժամը 10:00-ին, կանցկացվի Երևան քաղաքի ավագանու նիստ՝ հետևյալ օրակարգով՝ «Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանին անվստահություն հայտնելու մասին» Երևան քաղաքի ավագանու որոշման նախագիծ»,- ասված է քաղաքապետարանի տարածած հաղորդագրության մեջ:

Հավելենք, որ երեկ՝ դեկտեմբերի 21-ին, Երևանի ավագանու «Իմ քայլը» խմբակցությունը հաղորդագրություն է տարածել՝ հայտնելով, որ չի մասնակցի դեկտեմբերի 21-ին կայանալիք ավագանու հերթական նիստին։ «Հարգելի երևանցիներ, հաշվի առնելով Երևանի ավագանու և Երևանի քաղաքապետի միջև առկա քաղաքական ճգնաժամը՝ Երևանի ավագանու «Իմ քայլը» խմբակցությունը չի մասնակցի դեկտեմբերի 21-ի ժամը 11:00-ին կայանալիք ավագանու հերթական նիստին:

Միևնույն ժամանակ հաշվի առնելով, որ նիստի օրակարգում ընդգրկված են այնպիսի կարևոր հարցեր, ինչպիսիք են՝ Երևան քաղաքի 2022 թվականի բյուջեի, զարգացման ծրագրի և մի շարք այլ կարևոր նախագծեր, այդ կապակցությամբ ցանկանում ենք տեղեկացնել, որ դեկտեմբերի 22-ին՝ նոր քաղաքապետի ընտրությունից հետո՝ մինչև տարեվերջ, կհրավիրվի ավագանու արտահերթ նիստ, որտեղ կքննարկվեն և կընդունվեն վերոնշյալ նախագծերը»,- ասված է Երևանի ավագանու «Իմ քայլը» խմբակցության ֆեյսբուքյան էջում։

Տեսանյութեր

Լրահոս