Մարտունի խոշորացված համայնքի ղեկավար է ընտրվել Հովհաննես Հովեյանը

Գեղարքունիքի մարզի Մարտունի խոշորացված համայնքի ավագանու անդրանիկ նիստում համայնքի ղեկավար է ընտրվել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության համամասնական ցուցակը գլխավորող Հովհաննես Հովեյանը։

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Մարտունու համայնքապետարանի աշխատակազմից, ավագանու նիստի օրակարգում քննարկվել է համայնքի ղեկավար ընտրվելու, համայնքի ղեկավարի երդման արարողակարգը հաստատելու, ավագանու առաջին նստաշրջանի գումարման օրը սահմանելու մասին հարցերը։ Համաձայն ավագանու նիստի որոշման՝ համայնքի ղեկավարի երդման արարողակարգը տեղի կունենա դեկտեմբերի 23-ին, ժամը 13:00-ին, Մարտունու մշակույթի տան դահլիճում, իսկ ավագանու առաջին նստաշրջանի գումարման օր է սահմանվել 2021 թվականի դեկտեմբերի 27-ը։ «Շնորհակալ եմ՝ այս պատասխանատու պաշտոնն ինձ վստահելու համար եւ վստահեցնում եմ, որ մենք համախմբված ու համատեղ աշխատանքով կարդարացնենք մեր ընտրողների սպասելիքները, լուծում կտանք համայնքի առջեւ ծառացած խնդիրների լուծմանը,ավելի շեն ու նորոգ կդարձնենք միավորված Մարտունի համայնքի բոլոր բնակավայրերը։ Բոլորիս լարված ու քրտնաջան աշխատանք է սպասվում»,-նշել է Մարտունու նորընտիր համայնքի ղեկավար Հովհաննես Հովեյանը։

Խոսրով Խլղաթյան

Տեսանյութեր

Լրահոս